Հանրությունն ի վիճակի է ձեւավորել նոր իշխանություն. վերլուծաբան
Քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ Վիլնյուսի գագաթաժողովն ապացուցեց, որ Արեւելյան գործընկերությունը բարդ իրավիճակում է հայտնվել:
“Ինչպես շատերն են ասում` պատճառը Ռուսաստանի ճնշումներն են: Երեկ Պուտինի այցի ժամանակ ամենաքիչը խոսվեց ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցության մասին: Ռուսաստանն ասաց` ինքը չի հեռանա Հարավային Կովկասից: Նա ասաց ամենաէականը` Ռուսաստանը կաշխատի Հայաստանում նախնիների ավանդույթներով”,- ասաց բանախոսը` նշելով, որ Հայաստանում լավ են հասկանում, որ Ռուսաստանը. ասելով ավանդույթներ, նկատի ունի այն վտանգները, որոնք մենք պետք է հաշվի առնենք:
“Ռուսաստանի համար Հայաստանը մնում է ռեսուրս, գործոն, որով Մոսկվան ճշտում է իր հարաբերություններն այլ երկրների հետ: Մասնավորապես ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունները ճշտելու մասին է խոսքը”,- ասաց նա:
Մանվել Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես կաներ ցանկացած գերտերություն: “Շատերը` հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչները, կարող են ասել` դե ճար չունենք և ոչինչ չենք կարող անել: Հայաստանում ո՞վ է բարձրացրել այն հարցը, որ պետք է դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը, որ ռուսական բազան պետք է հանվի Հայաստանից, քանի որ նա զինում է այլ երկրի` Ադրբեջանի: Իսկ եթե նա զինում է մեկ այլ երկրի, ՌԴ-ը նրա հետ հաստատ չի պատերազմի”,- նշեց նա:
Վերլուծաբանի կարծիքով` հասարակությունը չի վստահում այս իշխանություններին, որոնք անում են այն, ինչ ուզում են: Հանրությունն ի վիճակի է ձեւավորել նոր իշխանություն, որը կսպասարկի իր շահերը: