Պուտինի այցի դրական արդյունքը հասարակ քաղաքացին իր մաշկի վրա կզգա. Շարմազանով /վիդեո/
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան բավականին դրական է գնահատում: ՛՛Այցը աննախադեպ էր իր արդյունքներով, և բոլոր այն սկեպտիկները, ովքեր կասկածանքով էին մոտենում, որ այդ այցով շոշափելի լուրջ առաջընթաց կնկատվի նաև Հայաստանի հասարակ քաղաքացու կյանքում, սխալվեցին: Ես կարող եմ ընդամենն ասել, որ Հայաստանի հասարակ քաղաքացին իր մաշկի վրա կզգա այդ այցի դրական արդյունքները՛՛,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շարմազանովը:
Վերջինս նշեց, որ նախ և առաջ ևս մեկ անգամ վերահաստատվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը: ՛՛Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության խնդիրը գլխավորն է, և առանց անվտանգության ու խաղաղության երաշխիքի դժվար թե կարողանանք խոսել սոցիալական, տնտեսական բարեփոխումներից, ժողովրդական զարգացումներց, և մեր դաշնակից երկրի նախագահի այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակվեն, դա հավելյալ երաշխիք է անվտանգության համար՛՛:
ԱԺ փոխնախագահը շեշտեց նաև, որ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի առաջնորդ՝ Ռուսաստանի նախագահը նշեց, որ ԼՂՀ-ի հարցում բացառապես քաղաքական և խաղաղ լուծում պետք է լինի:
Կարևորագույն է նաև գազի սակագնի փոփոխությունը: ՛՛Եթե այսօր 270 դոլար է, ապա փոխվում է 189 դոլար, և ես կարծում եմ՝ դա շոշափելի դրական տեղաշարժ է մեր հասարակ քաղաքացու կանքում: Մեր տնտեսվարողները կարող են նավթամթերքը գնել առանց երեսուն տոկոս մաքսատուրքի, ինչը ևս առաջընթաց է: Պարոն նախագահը շատ ճիշտ նշեց, որ այս այցը նոր էջ է խորհրդանշում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում: Հիմա սա լա՞վ է, թե վատ հասարակ քաղաքացու համար, հարցնում եմ սկեպտիկներին՛՛:
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի հայտարարությանը, թե իրենք չեն հեռանալու Կովկասից, ավելին ավելի են ամրապնդվելու այստեղ, ապա ՀՀԿ խոսնակը կարծում է, որ դա շատ բանական է: ՛՛Յուրաքանչյուր մեծ երկիր ունի իր աշխարհաքաղաքական շահերը, ավելին դա դրական հայտարարություն է Հայաստանի համար: Ես ցավում եմ, որ որոշ ՛՛վերլուծաբաններ՛՛ և մարգինալ, լուսանցքում հայտնված քաղաքական գործիչներ Պուտինի այդ հայտարարությունը փորձում են այլ կերպ մեկնաբանել:
Երբ որ մեր դաշնակից երկրի ղեկավարն ասում է, որ չեն գնալու Հարավային Կովկասից, դա նշանակում է, որ ռուսական ռազմաբազան մնալու է Հայաստանում, որ ՀՀ-ը ՌԴ-ի ներքին գներով իրավունք ունի ռազմատեխնիկա գնել հենց Ռուսաստանից, Հայաստանը ուժեղացնելու է իր մասնակցությունը ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունում՛՛:
Շարմազանվը հավելեց, որ մենք որպես ռազմական միավորում ընտրել ենք ՀԱՊԿ-ը և Վ. Պուտինի հայտարարությունը արդարացնում է այդ ընտրությունը:
՛՛Ցավում եմ, որ ՀՀ-ում կան մարդիկ, քաղաքական գործիչներ, ովքեր նույնիսկ ՀՀ պետական շահերից բխող հայտարարությունը փորձում են ձևափոխել ու ներկայացնել այլ կերպ՛՛,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը :