04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Առաջարկվում է ավելացնել 3-րդ և ավելի երեխայի ծնունդի նպաստը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի բյուջեի նախագծի՝ հանձնաժողովներում քննարկմանը նշեց, որ շուտով էլի գնաճ է լինելու, սակայն կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները չեն բարձրացվում: «Հիմա մենք ի՞նչ ուղերձ ենք հղում մարդկանց, որ չենք ասում, որ 10 տոկոսով ավելի վատ եք ապրելու: Ընդհանրապես ինձ համար հասկանալի չէ, թե Կառավարությունն ինչ կոնկրետ խնդիր ու ցուցանիշ է դնում աղքատության հետ կապված, մենք ինչքանի՞ ենք հասցնելու այդ ցուցանիշը»,-ասաց պատգամավորը՝ դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

«Այո, 2014-2015 թվականներին ենք բարձրացրել կենսաթոշակները վերջին անգամ, և այս ընթացքում առիթ է եղել ասելու, որ ընթացիկ ծախսերն ավելացնելը պարտք ներգրավելու միջոցով ցանկալի չէ»,-պատասխանեց նախարարը: Նա համաձայնեց, որ եթե անձի միակ եկամուտը կենսաթոշակն է, այս խնդիրն իսկապես առկա է: «Երբ խոսում ենք աղքատության կրճատման մասին, ամենամեծ ազդեցությունը դրա վրա ունենում է տնտեսական աճը, որովհետև հասկանալի է, եթե երկրում կա ավելի շատ բյուջե, ավելի մեծ բաշխում է լինում, մյուս կողմից չի նշանակում, որ սոցիալական պաշտպանության ծրագրերն ազդեցություն չունեն: Եթե նայենք, դրանց ազդեցությունը վերջին տարիներին ավելացել է»: Նախարարը հավելեց, որ Կառավարության հռչակած քաղաքականությամբ՝ փորձում են առավել ճիշտ ուղղել տրվող սոցիալական աջակցությունն, այսինքն՝ ճիշտ թիրախ ու շերտեր ընտրել: Նա նաև ասաց, որ աղքատության կրճատման մասով ծրագրեր կան Կառավարության 5-ամյա ծրագրի մեջ:

Պատգամավորի երկրորդ հարցը սա էր. «Մանուկների ծնունդը նվազում է, բայց կա այլ ցուցանիշ, որ 3-րդ, 4-րդ և 5-րդ երեխաների ծնվելու ցուցանիշն ազդում է, այսինքն՝ նրանց համար տրվող նպաստը դեր է խաղում: Չե՞ք կարծում, որ պետք է վերանայենք քաղաքականությունն ու ավելացնենք 1-ին ու 2-րդ երեխաների համար վճարվող նպաստի չափը»,-հետաքրքրվեց Փաշինյանը:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ շուրջ 10 միլիարդ դրամ հատկացվում է ծննդյան միանվագ նպաստների վճարներին, ցանկացած ավելացում մի քանի տասնյակ միլիարդների պահանջ է դնելու: Նախարարը նկատեց, որ հենց այդ նպատակն էր դրվել ի սկզբանե, երբ ծրագիրն առաջ քաշվեց, կարելի է մտածել, որ էական ազդեցություն է ունեցել սրա ներդրումը: 

Փաշինյանն արձագանքեց, որ երբ խոսում են, թե որտեղից լրացուցիչ գումար կարելի է գտնել, ապա կարելի է ուշադրություն դարձնել պարգևատրումներին, պետական խրախուսանքներին, բացի այդ օրինակ՝ առողջապահության ոլորտին տրվող գումարն է պակասել, այսինքն՝ վերաբաշխումներ կարելի է անել: Նա նաև նկատեց, որ աղքատության նվազման համար, կարծես թե, ոչ մի քայլ չի արվում. «Կարծես թե, ասում եք՝ դե տարվա վերջին ինչ կլինի, կլինի:

Նաև մենք չենք ասում՝ պարտք վերցրեք, թոշակ ավելացրեք, մենք ասում ենք՝ երկիրն արդյունավետ կառավարեք, բյուջե լինի, աղքատությունն էլ կրճատեք»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ