17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարության որոշումը՝ միանալ Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական տարածքին, հենց այն բոլոր ավանդույթների հիմքում է. Վլադիմիր Պուտին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, այսօր երեկոյան կազմակերպվել է պետական ընդունելություն:

ՌԴ Նախագահին եւ նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակության անդամներին` նախարարներին, նահանգապետներին, ընկերությունների ղեկավարներին ու Ռուսաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին ուղղված իր բաժակաճառում Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հարյուրամյակների պատմություն ունեցող հայ եւ ռուս ժողովուրդների փոխհարաբերությունների ջերմության եւ անկեղծության վկայությունների մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դրանք անգին են ցանկացած հայի համար եւ արտացոլված են դեռեւս 11-րդ եւ 12-րդ դարերով թվագրված “Սուրբ Թեոդոսիոսի՝ Պեչերյան վանքի վանահոր խոսքում” եւ “Իլարիոն Մեգլինսկու վիճաբանություններում”:

Նախագահի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների պատմությունն ունի խորը արմատներ եւ փառահեղ ավանդույթներ, որոնք կարելի է բնութագրել որպես մեր ընդհանուր հարստությունը, սեփականությունը եւ հպարտությունը դարձած բարեկամության հիմքի վրա երկու ժողովուրդների մշտական մերձեցում:

“Մեր ժողովուրդների պատմական կապերի զարգացման մեջ կարեւոր ներդրում են ունեցել Հայաստանի այնպիսի նշանավոր զավակներ, ինչպիսիք են Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար եւ Գերագույն կարգադրական հանձնաժողովի ղեկավար Միքայել Լորիս-Մելիքովը, Ռուսական կայսրության ժողովրդական լուսավորության նախարար Իվան Դելյանովը, գեներալ Մադաթովը, Լազարյան եղբայրները եւ շատ ուրիշներ: Նրանց քաջակորով գործերը շարունակվել են Հայրենական Մեծ պատերազմի հերոսական տարիներին` մարշալներ Բաղրամյանի, Խամփերյանց-Խուդյակովի, Բաբաջանյանի, ադմիրալ Իսակովի եւ շատ ուրիշների կողմից: Ռուսական պետության մեծության եւ հզորության ամրապնդման գործին իրենց նվիրաբերած ականավոր զավակների համաստեղությունում չեմ կարող չհիշատակել վերջերս մեզանից հեռացած Գեւորգ Անդրեյի Վարդանյանին` մարդ-առասպելին, նշանավոր ծպտյալ հետախույզին, Խորհրդային Միության հերոսին: Մեր միասնական պատմության այս ընդհանուր հերոսները շատ տասնամյակներ առաջ տոն հաղորդեցին մեր ժողովուրդների մարտական եղբայրությանը:

Վլադիմիր Վլադիմիրի, Ձեր այսօրվա այցելությունը 102-րդ ռուսական ռազմակայան մեծ խթան հանդիսացավ նրա ամբողջ անձնակազմի համար: Ավելին՝ այն հստակ ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դաշնակցային գործընկերության անկեղծությունը եւ լիարժեքությունը, թերագնահատում են մեր ռազմավարական փոխգործակցության ներուժը:

Գյումրիի եւ ամբողջ Հայաստանի բնակիչները գնահատեցին, թե որքան խորհրդանշական է Ձեր այցելությունը այդ քաղաքը հողին հավասարեցրած եւ տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած` 1988 թվականի սարսափելի երկրաշարժի 25-րդ տարելիցի օրերին: Ողբերգության առաջին օրերից մինչ այսօր Ռուսաստանը շատ բան է արել դրա վերականգնման համար: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ծանր տարիներին ռուսական վարկի շնորհիվ Գյումրիում հաջողվեց կառուցել հազարավոր նոր բնակարաններ եւ տներ, ժամանակավոր շինություններում տասնամյակներով ապրած մարդկանց տանիք տալ եւ միաժամանակ աշխատանքով ապահովել հարյուրավոր հայ շինարարների: Ցանկանում եմ եւս մեկ անգամ երախտագիտությամբ ընդգծել այստեղ ներկա գտնվող Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի անունը”,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը ներկաներին հիշեցրել է, որ ՌԴ Նախագահի այցը համընկնում է կարեւոր մի հոբելյանի հետ. այս օրերին Հայաստանում տոնում են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 75-ամյակը, որը, իրավամբ, համարվում է երկու ժողովուրդների մշակույթների փոխներթափանցման տաճարներից մեկը: Սերժ Սարգսյանը ներկաների անունից շնորհավորել է թատրոնին եւ նրա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ ընդգծելով, որ թատրոնը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Իր խոսքում Նախագահը շնորհակալություն է հայտնել նաեւ Երեւանում այսօր բացված հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող “Միասնական խաչ” անվանմամբ հուշարձանի եւ Գյումրիում տեղադրված երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի հեղինակ, անվանի քանդակագործ Ֆրիդ Սողոյանին եւ նրա որդիներին:

Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցային փոխգործակցությունն այսուհետ եւս ընդլայնվելու են` ի շահ երկու պետությունների եւ նրանց քաղաքացիների բարգավաճման, ի բարօրություն տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման: Նախագահն ասել է, որ Վլադիմիր Պուտինի այցը, անկասկած, արդեն կարեւոր նշաձող է դարձել այդ ճանապարհին:

Փոխադարձ բաժակաճառում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հիացմունքով ու մեծագույն հարգանքով է խոսել իր բնորոշմամբ՝ շատ խորը եւ Եվրոպայի ամենահին մշակույթներից մեկն ունեցող հայ ժողովրդի եւ Հայաստանի մասին, ընդգծել տասնամյակներ առաջ ընդհանուր պետության մեջ Հայաստանի նկատելի մեծ ներդրումը՝ դա ամենեւին պատահական չհամարելով: Վլադիմիր Պուտինը նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին ու երկու պետությունները օբյեկտիվ պատճառներով շատ բան է միավորում: Նշելով, որ երկկողմ հարաբերությունները զարգացել են անցյալի եւ բարեկամ երկու ժողովուրդների հոգեւոր մտերմության ամուր հիմքի վրա, ՌԴ Նախագահը վստահորեն է խոսել այդ հարաբերությունների ապագայի մասին:

“Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարության որոշումը՝ միանալ Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական տարածքին, հենց այն բոլոր ավանդույթների հիմքում է, որոնք մեր նախնիների կողմից դրվել են անցած տասնամյակների եւ դարերի ընթացքում: Դա մտածված, կշռադատված որոշում էր, եւ այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար արդեն նոր հիմքի վրա: Ես չեմ կասկածում, որ դրանք պակաս արդյունավետ եւ ջերմ կլինեն, քան նախկին տասնամյակներում եւ հարյուրամյակներում: Ցանկանում եմ Ձեզ դրա համար շնորհակալություն հայտնել”,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ