19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

“Ժառանգությունը” դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները ՀՀ քաղաքացիների հանդեպ

Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիների՝ քաղաքացիական ակտիվիստների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համատեղ  նախաձեռնությամբ տեղի է ունեցել քաղաքացիական հավաք Ազատության հրապարակում, ապա երթ, որի նպատակն էր պահանջել ՀՀ գործող իշխանություններից հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, կասեցնել Մաքսային միությանն անդամակցության գործընթացը եւ հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացից։

Հավաքի եւ երթի կազմակերպիչները եւ մասնակիցները գործել են բացառապես ՀՀ Սահմանադրության եւ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, երթը եղել է խաղաղ, իսկ դրա մասնակիցներն՝ անզեն: Սակայն ոստիկանությունը՝ խախտելով ՀՀ օրենքները, արհեստական եւ ապօրինի խոչընդոտներ է հարուցել երթի մասնակիցների առջեւ նախ Հյուսիսային պողոտայում, ապա Ամիրյան փողոցում եւ վերջապես՝ շրջանակի մեջ է առել երթի մասնակիցներին Նալբանդյան փողոցի վրա, ուժ է գործադրել նրանց հանդեպ, ապաեւ բերման ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների, այդ թվում «Ժառանգություն» կուսակցության անդամների: Հայ խաղաղ բնակչության դեմ սովետական հրոսակների տխրահռչակ «Կոլցո» գործողության այս յուրօրինակ կրկնությունը տարակուսանքի տեղիք է տալիս եւ ՀՀ քաղաքացիների մոտ կարող է առաջացնել միմիայն վրդովմունքի եւ բողոքի զգացումներ: Առավել զավեշտալի է այն, որ ավելի ուշ ոստիկանությունը չի զլացել եւ մի ամբողջ վաշտ ներգրավվել Հյուսիսային պողոտայում դեպի գրասենյակ շարժվող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ Աբովյան փողոցում «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առջեւ պատ կազմելու եւ նրանց տեղաշարժը խոչընդոտելու նպատակով: Վերջիններիս ազատ տեղաշարժվելու իրավունքը վերականգնվել է միայն 17:00-ի մոտակայքում, այսինքն՝ ավելի քան 1,5 ժամ հետո, որից հետո իրավախախտ ոստիկանները ցրվել են:

Ոստիկանության ապօրինի գործողությունները մենք գնահատում ենք որպես հրահանգված քաղաքական հետապնդում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պայքարող քաղաքացիների դեմ: Պահանջում ենք՝ անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին եւ պատասխանատվության ենթարկել օրինազանց ոստիկաններին:

 

 

«Ժառանգություն» կուսակցություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ