Հասարակ քաղաքացին պետք է զգա ՄՄ-ին անդամակցելու օգուտը. վարչապետ
Գյումրիում քիչ առաջ մեկնարկեց ՛՛Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն՛՛ խորագրով համաժողովը: Ներկաներին առաջին հերթին ողջունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վերջինս իր ելույթում նշեց, որ համաժողովն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ նվիրված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը՝ ինտեգրացիոն միավորման շրջանակներում: ՛՛Դրա համար առիթ հանդիսացավ այն, որ Հայաստանը կայացրեց որոշում՝ անդամակցելու Մաքսային միությանը, իսկ հետագայում Եվրասիական միությանը՛՛: Վարչապետը նկատեց, որ այստեղ առաջանում են որոշակի հարցեր, որոնց և պատասխանեց: ՛՛Առաջին հարցը այն է, թե որը եղավ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման շարժառիթը: Առաջին հերթին հասկանալի էր, որ անհրաժեշտ են կոլեկտիվ որոշումներ այն մարտահրավերների համար, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը՛՛,-շեշտեց նա: Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ ժամանակակից աշխարհում դժվար է ստեղծել աշխարհում մրցունակ տնտեսություն, սա անլուծելի խնդիր է նույնիսկ այն երկրների համար, որոնք ունեն սահմանափակ ռեսուրսներ և փոքր շուկա, ինչպես որ Հայաստանն է: ՛՛ՄՄ-ին անդամակցումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Այն ուղղված է՝ ստեղծելու ավելի բարենպաստ պայմաններ կայուն տնտեսական աճի, և մրցունակ տնտեսություն ստեղծելու համար՛՛,-բացատրեց նա՝ հավելելով, որ հաշվի առնելով այս հանգամանքը Հայաստանը եկել է այն որոշման, որ պետք է լիարժեք մասնակցի այն ինտեգրացիոն գործընթացներին, որոնց մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրները և մեր հիմնական տնտեսական գործընկերները:
Վարչապետի հավաստմամբ՝ Հայաստանի համար առանձնահատուկ նշանակությունի ունի ՌԴ-ի հետ հարաբերությունները, քանի որ այն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և խոշորագույն ինվեստորը մեր տնտեսության մեջ:
Տիգրան Սարգսյանը ավելացրեց, որ Հայաստանը դատարկաձեռն չի մտնում Մաքսային միություն: ՛՛Մենք համոզված ենք, որ կարող ենք բերել թարմություն և նոր գաղափարներ ՄՄ-ի աշխատանքներին՛՛:
Վարչապետը նաև նշեց, որ ինտեգրումը պետք է արդյունավետ լինի առաջին հերթին հասարակ քաղաքացիների համար, այլ կերպ ասած՝ նրանք պետք է հասկանան, որ իրենց կյանքում բարեփոխումներ են լինելու: