Կուտակումներ, հրմշտոց Գյումրիի անձնագրային բաժանմունքում
Մոտ մեկ ամիս է Գյումրիի անձնագրային բաժանմունքում հերթեր են: Առավոտյան ժամը 9-ից այստեղ արդեն իսկ հերթեր են կուտակված, գրանցվում ու հերթագրվում են, թե ով պետք է րոպե առաջ ստանա նյունականացման քարտ:
Henaran.am-ի հետ զրույցում հերթում կանգնած Արևիկ Սեդրակյանը տեղեկացրեց, որ բոլոր պետական պաշտոնյաներին պարտադրվել է ունենալ նույնականացման քարտ, այլապես չեն կարողանա օգտվել սոցիալական փաթեթից:
«Ես ուսուցիչ եմ, ու մեզ ասել են, որ մինչև հունվարի 1-ը պետք է նույնականացման քարտ ունենանք, թե չէ սոցփաթեթի գումարը կկորի»,- ասաց ուսուցիչ Արևիկ Սեդրակյանը:
«Մեր դպրոցում ասացին, որ մինչև նոյեմբերի 15-ը պտի նույնականացման քարտ ունենանք, երեկ առավոտվանից հերթ կանգնանք, էդպես էլ հերթը չհասավ, էսօր էլի եկել ենք, գոնե էսօր հասնի հերթ», -հավելեց Թամարա Պետրոսյանը:
Նշենք, որ Գյումրիին ունի երկու անձնագրային բաժանմունք, միայն թե շենքային պայմաններ չլինելու պատճառով երկուսը տեղակայված են մեկ վայրում, մեկ կաբինետում էլ երկու պետերն են: Երբ ամբողջ բաժանմունքում ասեղ գցելու տեղ չկար ու հրմշտոց, իրարնցում ու քաշքշուկ էր, իսկ համակարգիչներն էլ հաճախ խոտանվում էին ու ընդհանուր ցանցից անջատվում, պետերից ոչ մեկը չէր միջամտում ու փորձում կարգուկանոն սահմանել բաժանմունքում, զրույցի էին բռնված, հետևանքում տեղի էին տալիս թե աշխատողների, թե հերթի խառնաշփոթում կանգնած մարդկանց նյարդերը:
Գյումրիի անձնագրային բաժանմունքում չկան հերթագրող սարքեր, որը կստիպեր, որ լիներ ավելի կանոնակարգված: Երբ Henaran.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր չէ, հերթերը գոնե մի ձևով կանոնավորել, Գյումրիի անձնագրային բաժնի պետ Արթուր Վարդանյանը պատասխանել է, «Չեն կարող խառնվել: Իսկ հերթագրող սարք չունեն, ո՞վ պետք է տա, մեծ գումարներ են, գումար չկա»:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ նախատեսվում է մոտ 35 հերթագրող սարք տեղադրել, նաև Գյումրիում է տեղադրվելու:
Սա կօգնի կանոնավորել հերթերը, ինչպես նաև խուսափել այն զարտուղի ճանապարհներից, որոնք օգտագործվում են օրառաջ կամ ժամառաջ նույնականացման քարտ ստանալու համար: