«Իմ մահը մի վերցրեք Ձեր խղճի վրա». Եղնուկյանը՝ դատավորին
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի շահերի Պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Կարո Եղնուկյանը հայտարարության համար ձայն խնդրեց: Նա նշեց, որ իր հանդեպ կամայականություն է կիրառվում, քանի որ իր գործը պետք է qննվեր անջատված մասով. «Քառասուն հազար էջից ինձ քառասուն էջն է վերաբերվում: Եթե գործը առանձնացվեր երկու դատով կավարտվեր: Ձեզ վերևից ասել են, որ իմ խափանման միջոցը չփոխեք, որ թույլ տաք իմ հանդեպ հետապնդումները: Իմ գործով վկա չկա, փաստ չկա, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ»,-նշեց Կարո Եղնուկյանը:
«Այստեղ որոշում ընդունողը ես եմ»,-արձագանքեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
« Դուք հավատո՞ւմ եք Ձեր ասածին: «Արա» Պետրոսի գործողությունները դա չեն վկայում»,-շարունակեց Եղնուկյանը:
Այնուհետև Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ այլևս չի մասնակցելու դատական նիստերին: Նա դատավորի այն արտահայտությունը, թե քանի իր մեղքը ապացուցված չէ ինքը անմեղ է՝ ցինիզմ որակեց. «Դուք ինձ դատապարտել եք 3-5 տարով: Ես այս դատավարությանը այլևս չեմ մասնակցելու: Անցած անգամ իմ արյան ճնշումը բարձրացավ ու «Շտապ օգնություն» հրավիրվեց դատարան: Ես երբեք այդքան բարձր արյան ճնշում չեմ ունեցել ու դա իմ մոտ երկրորդ դեպքն էր:Առաջին անգամ ճնշումս բարձրացավ, երբ Վովա Գասպարյանը մեղադրեց կնոջս ու երեխաներիս հրապարակում պայթուցիկ տեղադրելու մեջ: Այդ բեմականացումը սակայն ձախողվեց: Սա փորձ է ինձ սպանելու համար: Ես մահից չեմ վախենում բայց էշ նահատակ դառնալ ու մեռնել դատարանում՝ չեմ ուզում : Դուք վատ մարդ չեք ու իմ մահը մի վերցրեք Ձեր խղճի վրա»,-դատավորին դիմեց Եղնուկյանը:
Եղնուկյանը նշեց, որ արդեն վատ է զգում և հեռանում է դատական նիստերի դահլիճից: Դատավորը թույլատրեց:
Կարո Եղնուկյանի որոշումը դահլիճը ընդունեց ծափերով:
«Ազատություն Կարո Եղնուկյանին, մահ կամակատարներին»,-տեղից հայտարարեց ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:
«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: