Արդյունքում ստացել ենք հավակնոտ մի համաձայնագիր. փոխնախարարը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրից
Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության 2017 թվականի ամենամեծ ձեռքբերումը համարում է Շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը․ «Ավարտին է հասցվել նաև ՀՀ-ԵՄ Գործընկերության փաստաթուղթը, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի փաստաթղթի հետ մեկտեղ ուղղորդելու է տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացումը 2017-20 թվականների ընթացքում»,-այսօր խորհրդարանում բյուջեի քննարկմանն ասաց փոխնախարարը։ Նազարյանը հիշեցրեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵՄ-ի կողմից տրված աջակցության մասին։ Հիշեցնենք, որ ԵՄ-ն 7 միլիոն եվրո էր տրամադրել Հայաստանին, ինչի արդյունքում հնարավոր եղավ ընտրողների ինքնության հաստատման տեխնոլոգիաներ և ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրում ապահովել։
Ինչ վերաբերում է Շրջանակային համաձայնագրի բանակցություններին, ապա փոխնախարարը ասաց, որ մարտին Երևանում նախաստորագրվել է տեքստը, ինչից հետո կողմերը սկսել են փաստաթղթի իրավական զննման աշխատանքը։ «Այդ աշխատանքները ևս ամբողջականացվեցին նախանշված ժամանակցույցի շրջանակներում։ Քանի որ բանակցություններն ավարտված են, կցանկանայի ներկայացնել գործընթացի նախապատմությունը. նախ պետք է փաստել, որ բանակցությւոնների ողջ ընթացքը մշտապես գտնվել է մեր հանրության, նաև միջազգային փորձագիտական շրջանակների սևեռուն ուշադրության կենտրոնում»,-ասաց Նազարյանը։ Փոխնախարարի խոսքով՝ 2014 թվականի դեկտեմբերից մտքերի փոխանակման գործընթաց է մեկնարկել մի քնաի փուլերով, որի ժամանակ ուրվագծվել են կողմերի մոտեցումնեչրը իրավական հիմքի, կառուցվածքի և բովանդակային հարցերի շուրջ։ Ապա 2015-ի մայիսին Ռիգայում կայացած ԱԼԳ պետությունների ղեկավարների գագաթաժողովին ողջունվել է ապագա համաձայնագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Նույն տարվա հոկտեմբերին Լյուքսեմբուրգում ԵՄ-ի խորհրդի կողմից հաստատվեց համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու մանդատը, իսկ դեկտեմբերին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ներկայացուցչի կողմից ազդարարվեց բանակցությունների պաշտոնական մեկնարկը»,-մանրամասնեց Կարեն Նազարյանը։
«Արդյունքում ստացել ենք հավակնոտ մի համաձայնագիր՝ բավականին ընդգրկուն, թե ինչ կտա համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ին, այդ մասին կարող եմ ասել, որ համաձայնագրով նախանշվում է՝ ամրապնդել Երևանի և Բրյուսելի միջև քաղաքական երկխոսությունը և ամուր հիմք ստեղծել տնտեսական, սոցիալական բարեփոխումները շարունակելու համար։ Համաձայնագիրը համատեղ նախաձեռնություն է, որը հետագայում կխորացնի հարաբերությունները՝ վերանայված եվրոպական հարևանության քաղաքականությա և ԱԼԳ առավել լայն շրջանակներում։ Համաձայնագրով կստեղծվեն նաև էներգետիկայի, տրանսպորտի և շրջակա միջավայրի ոլորտներում առավել ամուր գործընկերություն, ինչպես նաև ակտիվ շարժունակություն՝ ի օգուտ մեր քաղաքացիների»,-ասաց նա։ Փոխնախարարը նաև հավելեց, որ համաձայնագիրը կնպաստի առավել սերտ համագործակցությանը տնտեսական ոլորտում՝ բարելավելով բիզնես կարգավորող միջավայրը։ «Նոր համաձայնագիրը կուղղորդի ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական հարաբերությունները դեպի նոր՝ որակական ավելի բարձր մակարդակ»,-ընդգծեց նա։