ՄԻԱՎ վարակակիրների թիվը Հայաստանում աճել է/վիդեո/
Ոչ անվտանգ վարքագիծը `թմրամիջոցների գործածումը, առանց պահպանակի սեռական հարաբերությունները հաճախ դառնում են ՄԻԱՎ-ով, վիրուսային B,C հեպատիտներով, նաև սեռավարակներով վարակման պատճառ: ՄԻԱՎ-դարի սարսափելի հիվանդությունների ցանկում է:
Հասարակությունը պիտի դրսևորի գիտակից վերաբերմունք այս հիվանդության նկատմամբ, սակայն շատ հաճախ ՄԻԱՎ թեստ անցնելու համար բացակայում է հոգեբանական պատրաստվածությունը:
“ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը միշտ էլ սթրեսային է և եթե անգամ մարդը գրեթե համոզված է, որ իր հետազոտության արդյունքը բացասական է լինելու` միևնույնն է ինքնագիտակցության մեջ ինչ-որ կասկածներ, ինչ-որ վախեր մնում են: Առավել ևս եթե կյանքում եղել են ինչ-որ ռիսկային իրավիճակներ, որոնք կարող էին բերել ՄԻԱՎ-ով վարակման”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժաննետա Պետրոսյանը:
Մասնագետի դիտարկմամբ ՄԻԱՎ հետազոտություն անցնելը պիտի լինի այնքան սովորական, որքան ցանկացած խրոնիկ հիվանդության դեմ հետազոտվելը` ասենք շաքարային դիաբետի:
Բժիշկը կարևորում է նաև հիվանդության վաղ հայտնաբերման առավելությունները:
“Նախ նախկինում բժիշկը կարծես որպես մահվան դատավճիռ էր հայտնում այդ հիվանդության մասին, իսկ այժմ գոյություն ունի հակառետրովիրուսային բուժում, որը բավականին արդյունավետ է հիվանդության վաղ ախտորոշման դեպքում”,-նշեց Ժաննետա Պետրոսյանը:
Այսօր Վոլդ Վիժն Հայաստանը, “Իրական աշխարհ, իրական մարդիկ” հասարակական կազմակերպությունը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը միանալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներին իրականացրին հանրային միջոցառում “Հետազոտվիր և ապրիր” խորագրի ներքո:
Հետազոտվողների անձի գաղտնիությունը երաշխավորվում էր և պատասխանը տրվում էր 5-10 րոպեյի ընթացքում:
Բժիշկը տեղեկացրեց նաև, որ ՄԻԱՎ վարակակիրների թիվը Հայաստանում աճել է:
Միջոցառման բաղկացուցիչ մաս էր կազմում նաև “Փոփոխությունների թատրոն” ՀԿ-ի պատրաստած ներկայացումը:
Henaran.am-ի թղթակիցը զրուցեց նաև թատրոնի տնօրեն Հայկ Սեկոյանի հետ:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: