«Մի ապրանք բերելով՝ 3 տեսակի գումար ենք վճարում՝ մի հատ պերեվոզչիկին, մի հատ «Նորֆոլկին», մի հատ պետությանը»
Մի խումբ տնտեսվարողներ, հիմնականում առևտրականներ այսօր վաղ առավոտի բողոքի ակցիա էին կազմակերպել խորհրդարանի դարպասի մոտ: Նրանք պահանջում են չենթարկել իրենց հարկային տեռորի, ինչպես նաև փոփոխություն մտցնել Հարկային օրենսգրքի՝ ապրանք ներկրողներին և վաճառողներին վերաբերող համապատասխան կետում: Վերջիններս ունեն օրենքի փոփոխության իրենց տարբերակը:
Նրանք դժգոհում են Պետեկամուտների կոմիտեից, որ կարգոները հանեց և փոխարենը մեկ մոնոպոլ ընկերություն ստեղծեց՝ «Նորֆոլկ քոնսալթինգը» ՍՊԸ, որի տրամադրած փաստաթղթերում իրենց գործունեությանը սպառնացող որոշակի վտանգներ են տեսնում:
«Ուրեմն ապրանքը բերում ա պերեվոզչիկը, երեք դոլար քաղաքացուց վերցնում է մեկ կգ-ի համար Թուրքիայից բերելու դեպքում։ Դրանից 2 դոլար 65 ցենտ մուծում է պետությանը, դրանից 70 ցենտն էլ էդ «Նորֆոլկի» ծախսերի փողն ա, այսինքն՝ ստացվում է, որ մենք մի ապրանք բերելով՝ 3 տեսակի գումար ենք վճարում՝ մի հատ պերեվոզչիկին, մի հատ «Նորֆոլկին», մի հատ պետությանը․ 1.65 ցենտ՝ պետությանը, 70 ցենտ՝ «Նորֆոլկին», տարբերությունն էլ մի 65 ցենտ ա անում, դա էլ պերեվոզչիկ ա վերցնում»,-ասաց ակցիան կազմակերպած «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը։
«Մենք հիմա ուզում ենք, որ հաստատագրված վճար սահմանվի և այդ 1.5 տոկոս հարկն էլ մեկ պատուհան սկզբունքով մենք վճարենք։ Հիմա «Նորֆոլկն» ա դա անում, թե որը, եթե ինքն ա զբաղվում էդ ներմուծմամբ, ուրեմն թող էնտեղ էլ մուծենք էդ 1.5 տոկոսը, բայց էդ թղթաբանությունից ազատվենք»,-ասաց մեկ այլ առևտրական: