17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության ամրապնդումը անշրջելի է.Սերժ Սարգսյան

Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի լիագումար նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովում.

 

 

Մեծարգո՛ Նախագահ Գրիբաուսկայտե,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախ եւ առաջ շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի իշխանություններին ու Եվրոպական Հանձնաժողովին՝ Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը հյուրընկալելու եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար: Արեւելյան գործընկերության ծրագրի հնգամյա պատմությունը վկայում է այս ձեւաչափի անհրաժեշտության եւ կենսունակության մասին: Այն արդյունավետ կերպով համալրում է համաեվրոպական համագործակցության ճարտարապետությունը՝ հնարավորություն ընձեռելով եվրոպական ընդհանուր արժեքների հիման վրա որակապես նոր, առավել սերտ ու ընդլայնված հարաբերություններ կառուցելու համար: Այդպիսի հարաբերությունների ձեւավորումը Հայաստանի ու հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային եւ պատմա-քաղաքական ժառանգության կանչն է, մեր հասարակության՝ գիտակցված պահանջարկը:

Արեւելյան գործընկերությունը հնարավորություն տվեց նոր թափ հաղորդել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության ու հասարակության արդիականացմանն ուղղված ջանքերին: Այն խթանեց մեր լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Որպես չափելի արդյունք կնշեմ ընդամենը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք խոշոր ընտրական գործընթացները, որոնք նոր նշաձող սահմանեցին այս ոլորտում՝ էապես ամրապնդելով Հայաստանի ընտրական համակարգը:

Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային եւ լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, եւ այդ գործընթացն այլեւս անշրջելի է:

Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձեւավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության այլ ձեւաչափերի հետ: Արեւելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա՝ տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետեւողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն,բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։

Հենց այս գիտակցմամբ ենք մենք առաջնորդվում մեր արտաքին հարաբերություններում եւ մեր հարեւանների հետ խնդիրները փորձում ենք կարգավորել հենց այդ սկզբունքով` փորձելով Եվրոպայում հաջողված հաշտեցման փորձը տեղայնացնել նաեւ մեր տարածաշրջանում: Կարծում եմ, որ եվրոպական արժեքների հետեւողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը եւ կանգնում մեր կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից:

Եվրամիության հետ ինտեգրումը որպես եվրոպական երկիր շարունակելու հարցում Թուրքիայի առջեւ դեռեւս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները: Եվրոպական Միության անդամ-պետություններից, որպես մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում եւ հետեւողականություն:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Մի քանի օր առաջ Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, գրեթե երկու տարի տեւած դադարից հետո կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Թեեւ արդյունքների մասին դեռ շատ վաղ է խոսել, այդուհանդերձ հանդիպման փաստն ինքնին դրական երեւույթ է: Հարկ եմ համարում ընդգծել, որ բանակցությունների հաջող ելքն իրականում կախված է այն բանից, թե որքանով մենք մեր ժողովուրդներին կպատրաստենք խաղաղության, թե որքանով կկարողանանք հրաժարվել բացասական հռետորաբանությունից եւ թուլացնել լարվածությունը շփման գծում:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ձեռնպահ են եղել իրավիճակն ապակայունացնող հայտարարություններից ու քայլերից եւ որդեգրել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ տնտեսական մրցակցության, ազատ խոսքի հիման վրա պետություն կառուցելու ճանապարհը՝ հաստատակամ քայլերով առաջ ընթանալով այդ ուղիով:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ակնկալիքները վիլնյուսյան այս գագաթնաժողովից մեծ են։ Մենք այս գագաթնաժողովը դիտում ենք որպես ԵՄ հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված եւ իրատեսական հիմքերով զարգացնելու կարեւոր հանգրվան: Հենց այդ համատեքստում ենք մենք ընթերցում գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը եւ այսօր ստորագրվելիք Հայաստան-Եվրոպական Միություն հռչակագիրը:

Շնորհակալություն:
 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ