”Իդեալ գազ”, ”Բոնիլատ” , BHS ընկերությունները խախտել են
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր կայացած նիստին որոշեց տուգանել անբարեխիղճ վարքագիծ դրսևորած գովազդատուների, ինչպես նաև ”Իդեալ գազ”, ”Բոնիլատ” ընկերությունների նկատմամբ։ Տուգանքը կկազմի յուրաքանչյուր նախորդ տարվա հասույթի 1%ը։
ՏՄՊՊՀ Վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Հայկ Վարդանյանը նշեց, որ գովազդային շուկայում կայացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի շարք դեպքերում հեռարձակվող գովազդները հանրությանը ներկայացնում են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և բացի այդ վարկաբերկում են մրցակից ընկերություններին՝ օգտագործելով այնպիսի արտահայտություններ և առավելապես գերադրական աստիճաններ, որոնց գործածությունն արգելվում է օրենքով։
Օրինախախտ ընկերություններն են ”Բի Էյչ Էս” (BHS) հագուստ խանութ-սրահը, ”Լ օպտիկը”, ”Հիքսոս” ընկերությունը՝ ”Riso Scotti” ապրանքանիշով։ ”Բի Էյչ Էս” խանութ-սրահը գովազդում է, որ իրենք հանդիսանում են ”տարվա լավագույն միջազգային խանութը”:
Իսկ ”Իմեքս Գրուպ” ընկերությունը հանձնաժողովին տեղեկացրել է, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցվել է ”Իդեալ”, ”Իդեալ համակարգ”, ապրանքային նշանները և ստացել դրանց վկայագրերը: Սակայն մեկ այլ ընկերություն` ”Իդեալ Գազ” անվանումով, ”Իդեալ” ապրանքային նշանի ներքո իրականացնում է առևտրային գործունեություն` խախտելով իրենց իրավուքնները:
Հանձնաժողովը պարզել է, որ ”Իմեքս Գրուպին” սեփականության իրավունքով պատկանող և նրա անվամբ գրանցված ”Իդեալ”, ”Իդեալ համակարգ” ապրանքային նշաններին շփոթության աստիճան նման ”Իդեալ Գազ” և ”Ideal Gas” նշանների օգտագործումը սպառողների մոտ շփոթություն է առաջացնում ”Իմեքս Գրուպի” գործունեության նկատմամբ, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է: