29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երբ՝ Քո օրհնությունը իմ վրա իջնի, ազատ կլինեմ նրանցից

Այլ ինչպես չկա առանց Քրիստոս մեր հոգիների համար փրկություն, և ոչ էլ առանց աչքերի տեսման լույսն է երևում իր զվարճությամբ, և կամ թե առանց արևի ծագման՝ քաղցըրության լույս չի՛ լինում երբեք, նույնկերպ էլ, առանց խոստովանության ծածկույթի ներքո անձի ճշգրտման՝ երբե՛ք չի՛ լինի նաև քավություն: Որովհետև որ, քո մաքրությունից ի՞նչ օգուտ է քեզ, երբ պիտի դատվես փարիսեցու հետ, կամ իմ պարտքերից ի՞նչ վնաս ինձ կա, թե պիտի գովվեմ մաքսավորներին համ ու հավասար, կամ ինչո՞ւ պիտի պարսավվի ինքը՝ Հովել մարգարեն՝ եռակրկնելով եղկությունն անձի, և կամ կարո՞ղ է սուրբ մարդը դատվել՝ Տիրոջ մեծ օրվա հիշատակն այստեղ տոնելու համար, և կամ Եսային իր շրթունքներով անմաքո՞ւր դիտվի, երբ հեռու էր նա Իսրայելի տան աղտոտ գործերից, և կամ թե Աստված ինչո՞ւ պարտավոր իրեն համարեց ադամյան մարմնում իջնել բնակվել՝ ի՛նձ կարեկցելով, Հորն աղոթելով՝ հանցավորի՛ պես, կամ ինչպե՞ս մեկնել խոսքն այն առակի, թե իմաստունի սիրտը սգատան մեջ է գտնվում, բայց անմիտ մարդու սիրտն ուրախության տներում է միշտ: Նա, ով Ադամի գործած սխալը չի՛ վերագրում իր անձի վրա, և չի՛ համարում ամենքի մեղքը իր մեղքը նաև, ինչպես երջանիկ արքաները, որ՝ մեղավոր էին համարում իրենց՝ հայրերի գործած մեղքերի դիմաց, բայց և դրանով մարդը կարող է իսպառ կորցնե՞լ արդարությունն իր, որպես բնությամբ անախտակի՞ր է ինքն աշխարհ եկել, և սիրտը նրա չի էլ բերկրում, երեսները չեն փայլփլում ուրախ զվարթությունից՝ երջանիկ հույսի ավետիսներով, որ ասվել է մեզ. «Էլ ո՞վ, եթե ոչ՝ Քրիստոս Տիրոջ առաքելությամբ ուսանած մարդն է, որ պիտի տրտմի՝ ըստ Աստծո կամքի»:

Բ
Արդ, ըղձալի է այստեղ ինձ հիշել խրատը այն հին՝ որ նկատելով հոգով հանճարեղ ու հավետ նորոգ, Տէրը երկրորդեց. «Ամբարիշտների ժողովների մեջ, երբ լինեք ներկա, ո՛չ թե հպարտի նման շտապեք՝ գնալ ու նստել առաջին բարձին», որից Դավիթն ու Երեմիան իրենք հրաժարվեցին և ուխտ ու կանոն դրեցին նման գայթերի հանդեպ. «այլ դուք նստեցեք նրա՛նց շարքերում, ովքեր ի սրտե արդեն զղջացել, ամոթահար են մեղքերի համար», ահով և դողով մեծ դատաստանին հատուցում տալու միտքն էր նրանց մեջ. և ա՛յս իսկ երկրում ու իրե՛նց կամքով՝ խոնարհներ դարձան, հետինների հետ իրենց անձերը հավասարելով, ուստի Բարձրյալ Աստված նրանց այդ խոնարհումները սիրով պարուրված՝ դարձրեց բերկրանք, որով և նրանք նախադաս եղան բազմականների մեջ երանությամբ, և որով մե՛նք էլ համարձակվեցինք՝ թե՛ ես, թե՛ նրանք, որ հետևեցինք նո՛ւյն այդ խրատին, և ազատվեցինք մարգարեի այն խոսքերի դատից, որ ակնարկում է վեսերից ոմանց. «Ինձ մի՛ մոտեցիր, մաքուր եմ ահա, և ո՞վ կարող է նայել տեսնել ինձ», Իսկ ես ինձ նպաստ վերցրի մեծ ու երջանիկ Դավթի անկշռելի խոնարհությունից, նրա հետ մեկտեղ ասելու համար. «Համարվեցի ես իբրև անասո՛ւն՝ իսպա՛ռ զրկված զգայությունից, և շուրջանակի՝ չարիքն հասան ինձ, վերքե՛րս են նեխել, փտո՛ւմ են արդեն՝ և անզգամիս անճա՛ր լինելն է պարզ տեսանելի»: Եվ ընտրյալներից ոմանք՝ գերիներ Ասորեստանում, կամավորապես մեղապարտությամբ կշտամբում էին՝ իրենց անարա՛տ անձերը անգամ. նրանց մեջ էր և Եզր քահանան՝ հռչակավո՛ր մարդ, և նրա խոսքին միացած ինքս էլ նույնն եմ բարբառում. «Անարաժա՛ն եմ ես գտնում ինձ, Աստվա՛ծ, բարձրացնել իմ երեսը վերև, նայել դեպի Քեզ»:

Գ
Արդ, ես ճշգրիտ պատկերն եմ ահա ամենայն երկրի, իմ ունեցածն էլ այլոց պարտքերի բեռներին խառնած, նրանց ունեցած դառնություններն էլ վրաս վերցնելով և կրկնաբանած առավելությամբ, նրանց հետ մեկտեղ հեծեծո՜ւմ եմ, Տէ՛ր, թեպետ օգտակար ո՛չ մի բան չկա գարշության գույնին նույնն ավելացնել ու տգեղություն ստանալ դարձյալ: Արդ, ահա՝ մեղա՜, որովհետև այս իմ անմտությամբ ո՛չ թե գործեցի ինչ հաճո է Քեզ, այլ սխալվեցի՛ բազում անգամներ՝ հանցավորությա՛մբ: Նայի՛ր ինձ, Գթա՜ծ, ինչպես երբեմն ուրացության մեջ ընկած Պետրոսին, որովհետև որ՝ հո՛ւյժ ունայնացա: Լուսավորի՛ր ինձ Քո ողորմության ճառագայթներով՝ Դու որ Դարմանն ու Բարերարումն Ես ամե՛ն ամենքի, որովհետև, երբ՝ Քո օրհնությունը իմ վրա իջնի՝ կարդարացնե՛ս ինձ, այդժամ կապրե՛մ ես սրբության կյանքով, մաքո՛ւր կլինեմ ու արդեն՝ ազա՛տ նրանցից, որոնց Դո՛ւ չստեղծեցիր, և որոնք ահա լլկողնե՛րն են ինձ:

Իսկ այժմ, Տէ՛ր իմ, համարձակություն չե՛մ գտնում իմ մեջ՝ մեղապարտ ձեռքերս բարձրացնել Քեզ, մինչ չհպես ինձ օրհնյալ Ա՛ջը Քո՝ ի նորոգություն դատապարտյալիս: Քո մեծ հեզությամբ՝ կրկնակի՛ հաղթիր համառությանս՝ մարդասիրորեն ինձ ժամանելով, կրկնակի՛ հաղթիր առաջին գործած չարիքները իմ՝ ամենահնա՛ր Քո կարողությամբ, և չարիքնե՛րը միջին ընթացքիս, և վերջիննե՛րը իմ չարիքների՝ այդ բոլորին էլ թողություննե՛ր տուր, անհասանելի խնդրանքների՛ն էլ հնարով հասնող, Քրիստո՛ս Աստված, Տէ՛ր և Թագավո՛ր, Լո՛ւյսն արդարների:

Դ
Արժանի էլ չեմ Անունդ կանչել, Օրհնյա՛լ մարդասեր, որովհետև որ՝ մահվան հարվածներ ստացած մարդ եմ Բարեգործիդ մոտ՝ վնասակար իմ մեղսագործությամբ. վնասակարս՝ Կնիքի՛ հանդեպ, Շնորհի՛ հանդեպ և Հոգուդ փչմա՛ն, Պարգևի՛ հանդեպ, Ավանդի՛ հանդեպ, հանդեպ Ձիրերի՛, Քո Անվա՛ն հանդեպ, որդեգրության և արքայական պատվականության, պատկերի՛ հանդեպ, դրոշմի՛ հանդեպ և հանդեպ օծմա՛ն, ճոխությա՛ն հանդեպ, համարձակությա՛ն և ընտանությա՛ն, և Կյանքի՛ հանդեպ, և Լույսի՛ հանդեպ և Երանությա՛ն, և Հույսի՛ հանդեպ, Փառքերի՛ հանդեպ, վեհ բարձրությա՛ն, պսակի՛ հանդեպ և խոստումներով հագնվածությա՛ն, որ Տէ՛ր Քրիստոս, Քեզանով բազմացն ավետարանվեց՝ ինձ՝ համառ իժի՛ս, ինձ՝ նաև քարբի՛ս, ունկերը՝ խցա՛ծ, լսելիքը՝ փա՛կ, ձայնըդ չըլսող իմ ականջների՛ն: Եվ բարությունդ, որքան որ ավել առավելացավ, այնքան ավելի բազմաթիվ դարձան և հաճախակի չարիքները իմ, և կործանեցի՛ն ինձ իսպառ նրանք, կյանքից մերժելով՝ կապեցին մահվան հավե՛րժ կորստին՝ դարձնելով ծառա՛ ապականության:

Ե
Եվ արդ, Բարերա՛ր, Իրավակշիռ և Ճշմարտադատ, Օրհնյա՛լդ իմ հանդեպ Գթասրտության հարատևությամբ, մեղա՜ Քեզ, մեղա՜, որովհետև ե՛ս անօրինացա ու ընկա ներքև՝ անիրավության նենգ ցանցերի մեջ, այդ իսկ պատճառով՝ եղծմա՛ն տրվեցի, գործեցի հանցա՛նք, ամբարշտացա՛, Քեզ չլսեցի՛, որ խոստովանեմ և երկրպագեմ գովյալ Քո Բանին: Երբ անճառելի սիրովըդ՝ հենց ի՛նձ էլ երևացիր, Որի մասին որ գրելն իսկ՝ մեծ է, Նշան դնելը՝ ինձ սարսափելի՛, Քեզ արդարությո՛ւն և փա՜ռք հավիտյան, գովաբանությո՛ւն մշտնջենավոր, և ինձ՝ Քեզանից միշտ պատկառածիս, Խնամակա՛լ իմ, որ Քավությունն ու Ողորմությունն Ես, որպեսզի ապրեմ, Բժշկարա՛ն իմ, որ Օգնությունն ու Պահպանությունն Ես սրտիս և ոգո՛ւս, Բարեբանությո՛ւնն ամեն լիության, հավիտյա՜նս: Ամէ՛ն:

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ