Զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծանում է Նեմրութ լեռան նկատմամբ

UNESCO-ի համաշխարհային ժառանգության մեջ ներառված Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթա շրջանում գտնվող հայտնի Նեմրութ լեռ (3050մ) 9 ամսում այցելել է 52.000 զբոսաշրջիկ, որից 2000-ը օտարերկրացիներ են եղել:
Ըստ թուրքական «Star» թերթի կայքի՝ այդ մասին հայտարարել է Ադըյաման նահանգի մշակույթի և տուրիզմի հարցերով զբաղվող վարչության տնօրեն Մուստաֆա Էքինջին:
Թուրք պաշտոնյայի խոսքերով՝ այժմ իրենք աշխատանքներ են իրականացնում, որպեսզի զբոսաշրջիկները հեշտությամբ հասնեն լեռ, քանի, որ ճանապարհը անբարեկարգ է:
Հիշեցնենք, որ Նեմրութ լեռան վրա է գտնվում Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի թագավորության թագավորը Անտիոքոս 1–ի դամբարանը, որը իրենից ներկայացնում է մոտ 50 մետր բարձրությամբ բլրաձև ավազախումբ, որի ներսում ըստ պնդումների՝ թաղված է Անտիոքոսը:
Լեռան արևելյան եւ արևմտյան կողմում Անտիոքոս 1-ինի կողմից կանգնեցվել են Արամազդի, Անահիտի, Միհրի, Տիրի եւ Վահագնի մոտ 9 մետր բարձրությամբ արձանաշարքերը: