28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արարատի մարզպետը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Արարատի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին՝ Արամայիս Գրիգորյանը զեկուցել է, որ գյուղացիական  տնտեսությունների  և  մշակովի  հողատարածքների  խոշորացման  գործընթացի   արդյունքում  խոշոր  հողակտորներ /5հա  և  ավելի/  ունեցող  գյուղացիական  տնտեսությունների  թիվն  այս պահի դրությամբ  313 է՝  2016 թ. 280-ի  փոխարեն: Ընթացքի  մեջ  են  Վեդու  ջրամբարից  դեպի  շահառու 8 համայնքներ  գնացող  ոռոգման  համակարգերի  կառուցման  աշխատանքները,  որում  ընդգրկված  է  շուրջ  110  մարդ: ԱՄՆ  Միջազգային  զարգացման  և ՄԱԿ-ի  գրասենյակների  հետ  համատեղ  աշխատանք է  տարվում Հայանիստ  համայնքում  իրականացված 40 հա  հողերի  ձկնաբուծարանների  հետադարձ  ջրերով  ոռոգման   պիլոտային  ծրագրի  շարունակականությունն  ապահովելու  ուղղությամբ: Գյուղացիական  տնտեսություններին  ներկայացվել են գյուղտեխնիկայի  ձեռքբերման նպատակով պետության  կողմից  իրականացվող  նպատակային  սուբսիդավորման  ծրագրերը. Արդյունքում,  2017 թ.  հոկտեմբերի  դրությամբ,  մարզի Այնթափ, Վանաշեն,  Ուրցաձոր,  Սուրենավան,  Հովտաշատ,  Ազատավան  համայնքների  կողմից  ձեռք  է  բերվել  10 միավոր  գյուղատնտեսական  տեխնիկա: Գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով մասնավոր  ընկերությունների  կողմից մարզի մի շարք համայնքներում իրականացվում են  շուրջ 5000  քմ նոր ջերմոցային  տնտեսությունների  (լոլիկի  և  վարունգի  արտադրություն) և 3500 քմ ինտենսիվ այգիների կառուցման  աշխատանքներ: 

Խոսելով ներդրումային ծրագրերի մասին՝ Արարատի մարզպետը նշել է, որ ներդրումների ընդհանուր ծավալը մարզում կազմում է 72 միլիարդ դրամ՝ և´ պետական ծրագրերով, և´ դոնոր կազմակերպությունների, և´ մասնավոր հատվածի կողմից: Մինչև տարեվերջ ներդրումները լիարժեք տեսանելի կլինեն, և արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա 600-700-ով: Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ ներդրումների աճ է արձանագրվել՝ մոտավորապես 60 մլրդ դրամի չափով: Ամենախոշորը Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ներդրումային ծրագիրն է, որի իրականացման արդյունքում ինքնահոս համակարգով լիարժեք կոռոգվի 4 հա տարածք, և գյուղացիական տնտեսությունները խնդիր չեն ունենա: Ոռոգման  ջրի  պահանջարկը  բավարարելու և  գյուղատնտեսական  արտադրանքի  ինքնարժեքը  նվազեցնելու  նպատակով կառուցվում  է նաև Քաղցրաշենի  ինքնահոս ոռոգման  համակարգը,  որը  12  համայնքի ոռոգման ջրի  մեխանիկական  համակարգը  կփոխարինի  ինքնահոսով՝  խնայելով  436 մլն դրամի էլեկտրաէներգիա  և 24 մլն դրամ պոմպակայանի  շահագործման  ծախսեր՝  ոռոգելով  1300 հա  հողատարածք՝  նախկին  854 հա փոխարեն:        

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ մարզպետի կողմից հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ. Արարատի մարզը պետական բյուջեի մեջ սեփական եկամուտները 20 տոկոսով ավելացնելու պարտավորություն է վերցրել, բայց 2017 թ. առաջին 10 ամսվա արդյունքներով աճը կազմել է 23.5 տոկոս: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ հաշվի առնելով այս տեմպը՝ մինչև տարեվերջ մարզը կկարողանա գերակատարել սեփական եկամուտների կատարողականը:

Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ Արամայիս Գրիգորյանը նշել է, որ մարզի համայնքներում առկա 260-ից աղբավայրերից մնացել է 19 խոշոր աղբավայր, հաշվառված 3500 իրավաբանական անձանցից պայմանագիր է կնքվել 2000-ի հետ, և աշխատանքները շարունակական ընթացք են կրում: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:

Մարզպետը նշել է, որ  Արարատի մարզու  զբոսաշրջությունը խթանելու նպատակով ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից  իրականացվելու  է Խոր Վիրապի վանքի հարևանությամբ դիտահարթակի և այցելուների զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիրը: 2017 թ. տարեկան  աշխատանքային ծրագրով իրականացվում են նաև մարքեթինգի և զբոսաշրջային հնարավորությունների ներկայացմանն ուղղված միջոցառումներ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ