Արտաքին գործերի նախարարն ընդունեց Մեքսիկայի պատգամավորներին
Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում էին խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, պատգամավորներ Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն և Կառլոս Էռնանդես Միրոն:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ նմանօրինակ այցելությունները նոր որակ ու բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ մեքսկիացի պատգամավորները նախարար Նալբանդյանին ներկայացրին Արցախ կատարած այցից ստացած տպավորությունները։
Նախարար Նալբանդյանը ողջունեց Մեքսիկայի պատգամավորների այցն Արցախ՝ կարևորելով տեղում իրավիճակին ծանոթանալու և օբյեկտիվ պատկերացում կազմելու հնարավորությունը:
Զրուցակիցները համոզմունք հայտնեցին, որ պատգամավորների այցը խթան կհաղորդի հայ-մեքսիկական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչն էլ կնպաստի միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: Այս համատեքստում կարևորվեց երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը:
Անդրադառնալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Մեքսիկայի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ և արդյունավետ փոխգործակցությամբ` թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Այս առումով զրուցակիցներն ընդգծեցին, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ տնտեսական ոլորտում կապերն ակտիվացնելու և համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար:
Էդվարդ Նալբանդյանը մեքսիկացի խորհրդարանականներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: