Մենք սիրում ենք, որ գնում են, նոր ենք խոսում
«Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կատարողները ձերբակալված են։ Չեմ կարող ասել՝ ովքեր են պատվիրատուները։ Հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենողբերգական էջերից մեկն է և Հայաստանի Հանրապետության զարգացումը ակնհայտորեն հետ գցեց։ Մենք սիրում ենք, որ գնում են, նոր ենք մարդու հետևից խոսում, բայց պետք է ասեմ, որ թե սպարապետը, թե Կարեն Սերոբիչը, թե մնացած մեր գործընկերները, նրանք այն քաղաքական և ինտելեկտուալ էլիտան էին, որոնց ծառայությունները, կամքը, նվիրված ոգին ու բարեփոխումների կարիքը մեր ժողովուրդը շատ ուներ», – այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց՝ այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն էր, հերեւաբար իրենք կորցրին ոչ միայն սպարապետին, այլև կուսակցության առաջնորդին:
Լրագրողները հիշեցրին՝ Արամ Սարգսյանն ասում է, որ կատարվածի համար իշխանություններն են մեղավոր։ Շարմազանովը նշեց՝ չի մեկնաբնի Արամ Սարգսյանին և այս հարցով Սարգսյանների ընտանիքի մեկնաբանությունները։
«Չեմ մեկնաբանում, որովհետև նա սպարապետի եղբայրն է, ունի իր պատճառներն ու զգացմունքները և բարոյական էլ չէ, որ ես այսօր սպարապետի, Դեմիրճյանի ընտանիքի անդամներից որևիցե մեկի ասածները որոշեմ մեկնաբանել», – հավելեց նա։