Վերջին հնարավորությունը
Շենգավիթ վարչական շրջանի դատարանում այսօր՝ հոկտեմբերի 27-ին շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:
Նիստի մեկնարկին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշեց, որ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանը դատարանի դահլիճ մտնելիս ոտքի չեն կանգնել: Դատավորը նրանց նկատմամբ կիրառեց նախազգուշական սանկցիա:
Դատավորը նշեց, որ այս դատական նիստին Ժիրայր Սեֆիլյանի համար հանրային պաշտպան է հրավիրվել. «Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը շարունակ գերազանցում է իր իրավունքները այդ պատճառով հրավիրվել է հանրային պաշտպան: Հնարավոր է որոշում կայացվի, ըստ որի Ժիրայր Սեֆիլյանը այլևս պաշտպան ընտրելու հնարավորություն չի ունենա: Վերջին անգամ Սեֆիլյանի պաշտպանին հնարավորություն է տրվում շարունակել պաշտպանությունը»:
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան հայրապետյանը գտնվում է դատարանում:
Հիշեցնենք, որ դատարանը գտնվում է վկաների քննության փուլում:
Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։