«Հո չնեղացա՞ր Լամբարյան». դատավորը՝ ամբաստանյալին
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատարանը անցավ ամբաստանյալների ճանաչման փուլին:
Արմեն Լամբարյանի անունը դատավորը սխալ ընթերցեց և ասաց Արսեն Լամբարյան, ինչը առաջացրեց դահլիճի ծիծաղը:
«Հո չնեղացա՞ր Լամբարյան»,-ամբաստանյալին դիմեց դատավորը:
Դատավորը հերթով ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: Կարո Եղնուկյանհը նշեց, որ ինքը ոչ թե երեք այլ հինգ անչափահաս երեխա ունի, ԱՄՆ քաղաքացի է և աշխատում է ԱՄՆ-ում:
Ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը երեք անչափահաս երեխաների հայր է, զինվորական ծառայության ժամանակ կորցրել է ոտքը:
«Մի ոտքը պրոտեզ է, դա էլ հասկացանք»,-ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ ինքը երկրորդ կարգի հաշմանդամ է ու խնամքի տակ ունի նույնպես երկրորդ կարգի հաշմանդամ երեխա, որին չի կարողանում տեսակցել: Դատավորը ճշտեց, թե խնդիրը անձնագրային է: Ամբաստանյալը ասաց, որ արդեն քսան տարի փաստացի է ամուսնացած և խնդրեց թույլատրել, որ հանդիպի կնոջը և երեխային:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:
«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: