Պետք է ծառայեն բոլորը. Վիգեն Սարգսյանը՝ Արարատ Միրզոյանին
«Ես բավականին ճկուն եմ քաղաքականություն մշակելիս»,-այս մասին այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նախարարին հարցրել է, թե արդյոք պատրաստ է նա գնալ փոխզիջումների և ընդդիմության ձայնը լսել. «Ավելի վաղ նշել եք, որ ավելի լավ է կոնսենսուսով ընդունվեն այս նախագծերը, ինձ հետաքրքիր է այդ կոնսենսուսին հասնելու համար որքա՞ն է ձեր անձնական դիրքորոշումը՝ փոխզիջումային, որովհետեւ կան դետալներ, որոնց ընդդիմության ներկայացուցիչները դեմ են»,-ասել է Միրզոյանը:
Վիգեն Սարգսյանը արձագանքել է, որ հանրային քննարկումների նպատակը հենց դա է եղել՝ լսել ընդդիմության կողմից հնչեցված առաջարկները:
«Ես չեմ հիշում, որ հանդիպումների, քննարկումների ժամանակ ձեր հնչեցրած որեւէ հարց ներառված չլինեն այս նախագծում: Ես բավականին ճկուն եմ քաղաքականություն մշակելիս, չի եղել առաջարկ, որը մանրամասն չի քննարկվել: Այս օրենքների ընդունմամբ ձեւավորում ենք իրավական դաշտը, ծառայություն անցնելու պայմանները կառավարության կողմից կսահմանվեն: Քաղաքականությունն այս է՝ պետք է ծառայեն բոլորը, բարձրագույն կրթություն ունեցող, գիտական ներուժ ունեցող մարդը կարող է որպես սպա ծառայել, իսկ ով ուզում է շարքային ծառայություն անցնել, կարող է ծառայել երկու տարի»,-ասաց նա: