Նոյեմբերի 1-ին առևտրի իրացման վայրերի համար հաց և միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր
Նոյեմբերի 1-ին առևտրի իրացման վայրերի համար հաց և միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր:
Ըստ հաստատված ժամանակացույցի՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից այս նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող սննդի տեղափոխման և Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար, իսկ նոյեմբերից այն կվերաբերի նաև Երևանի իրացման ցանցերին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր գրանցված է հաց-հացաբուլկեղենի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող 642 տնտեսվարող, որոնցից 318-ն իրականացնում են հացի տեղափոխում՝ 458 տրանսպորտային միջոցներով:
Հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սանիտարական անձնագիր է տրամադրվել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 163 տնտեսավարողի` 236 տրանսպորտային միջոցներ շահագործելու համար, որից 101 տնտեսավարողի 158 փոխադրամիջոցի՝ Երևանում, և 62 տնտեսվարողի 88 փոխադրամիջոցի՝ մարզերում: Սանիտարական անձնագիր է տրվել նաև միս տեղափոխող 41 տնտեսվարողի՝ 80 տրանսպորտային միջոցի համար, որից 18 տնտեսվարողի 39 փոխադրամիջոցի՝ Երևանում, 23 տնտեսվարողի 41 փոխադրամիջոցի՝ մարզերում:
Հիշեցնենք, որ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Հորդորում ենք նշված ոլորտներում տնտեսվարողներին և իրացման ցանցերին նոյեմբերի 1-ից հետո առանց սանիտարական անձնագրերի չտեղափոխել կամ չընդունել հաց-հացաբուլկեղեն և միս, փոխադրամիջոցները հնարավորինս արագ համապատասխանեցնել սահմանված պահանջներին, այլապես կկիրառվեն օրենքով նախատասված վարչական պատասխանատվության միջոցներ թե մատակարարողի և թե իրացնողի նկատմամբ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն