Ինչ է գլխավոր շտաբը
ԱԺ լիագումար նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցողը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է։
Նախագիծը քննարկվում է ԱԺ դահլիճում, որն էլ դրական եզրակացություն է ստացել գլխադասյաին հանձնաժողովի՝ Պաշտպանության և անվանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, սակայն քննարկմանը հանձնաժողովի 11 անդամներից մի քանիսն են ներկա։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող Վիգեն Սարգսյանին, իր մտահոգությունը հայտնեց նախագծի վերաբերյալ․ «Ասում եք ԶՈՒ անմիջական ղեկավարը գլխավոր շտաբն է, օրենքում առանձին գլուխ ունենք շտաբի մասին, բայց չունենք հիմնական նկարագրություն, թե ինչ է գլխավոր շտաբը։ Եթե օրենքի տրամաբանությամբ նայենք, ոչ թե գլխավոր շտաբ ունենք, այլ շտաբի պետ և աշխատակազմ։ Իմ պատկերացմամբ շտաբը ԶՈՒ-ի ուղեղային կենտրոնը պետք է լինի, իսկ մենք չենք գրում, թե շտաբի պետը տեղակալներ ունի, թե չէ»,-ասաց Փաշինյանը։ Պատգամավորը նաև հավելեց, որ կոնկրետ լծակներով պետք է ապահովել ԶՈՒ-ի չեզոքությունը ներքաղաքական հարցերում։ Վիգեն Սարգսյանը պատասխանեց՝ ԶՈՒ-ի չեզոքության մասին օրենքում համապատասխան հոդված կա։ «Ինչ վերաբերում է գլխավոր շտաբին, գործառույթները թվարկված են օրենքում, կառուցվածքը երբեք օրենքով չի սահմանվել, Կառավարության կողմից հաստատվող կանոնադրություններն են նախարարությունների, նաև գլխպավոր շտաբի, որտեղ ֆիքսվում է կառուցվածքը»,-ասաց նախարարը։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ նախկինում ևս օրենքով ամրագրված է եղել ԶՈՒ քաղաքական պրոցեսներում չեզոքության մասին, բայց ներգրավվում, միևնույն է, եղել է։