06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել”

“Մահվան մեջ միշտ կա ինչ-որ խայտառակ, ստորացուցիչ, ամոթալի բան: Գոնե այսպիսի տպավորություն է միշտ թողել ինձ վրա ինձ անձամբ ծանոթ մարդկանց մահը: Երբ տեսել եմ ինձ ծանոթ մարդկանց դագաղում՝ միշտ այս է եղել իմ առաջին զգացմունքը: Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել – թե մեր, այսինքն կենդանի մնացողների, թե, մանավանդ, իր հանդեպ: Թե ինչից է գալիս այս տպավորությունը, չգիտեմ”,-գրել է հայ հանճարրը` Եղիշե Չարենցը:

Այսօր լրանում է բանաստեղծի մահվան 76-րդ տարելիցը:

Ու թեև ստալինյան դաժան իրականությանը զոհ գնացած բանաստեղծը բազմաթիվ անգամ է գրել մահվան մասին, բայց այսօր նրա մահվան օրը` հպարտությունն է պարուրում միայն Չարենցասեր հոգիներին:

Լռություն թե “գիշերը ամբողջ հիվանդ խելագար” արևի մասին երազած բանաստեղծի մարգարեության չափ անկեղծ ` տողերին հասու դառնալու տենչանք:

Չարենցը միշտ կա, նա դառնում է իմը կամ քոնը և ոչ միայն “Իմ անուշ Հայաստանի արևահամ բառով” այլ նաև սիրո պես անեղծ, սիրո պես կիսագնահատված ու հակասական, սիրո պես պարզ ինքնատիպությամբ:

Չարենցը հավերժի երգիչ է ու նրա հետ կապված բոլոր իրողությունները հավերժինն են:

 

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Կնոջս և բարեկամիս` Իզաբելլային

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի` թերթերում գրած:
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս…
Իբրև ծերունի մի թերթավաճառ`
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում:
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն`
Տարածված ամբողջ քաղաքի վրա:
Եվ համր մի պահ` գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը ` արդեն հավիտյան հանգած:

Եվ մարդիկ` երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ` միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ` անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք`
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են , թե ես վաղուց չկամ,-
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած`
Զարմացած կզգան ինձ այնքան մոտիկ
Եվ հանկարծ այնքան թանկ ու հարազատ…
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշին,
Եվ հոգիներում , ինչպես հուշ հառնի,-
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի:

Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն` իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան…

Եվ դեմքով տխուր, և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահման ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն…
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե:

Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա`
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա

           Եղիշե Չարենց

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ