Նոյեմբերի 11-ին կանցկացվի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են իրականացվել ձմռան նախապատրաստական աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ևս իրականացվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: Հանձնարարվել է վերահսկել աշխատանքների կատարման ընթացքը և դրանք ավարտել սահմանված ժամկետում։
Աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանը և «Ջրային կառույցներ» ընկերությանն էլ հանձնարարվել է ձմռանն ընդառաջ սահմանված կարգով կոնսերվացնել մայրաքաղաքում գործող ցայտաղբյուրներն ու շատրվանները՝ մինչև վերագործարկան հաջորդ տարեշրջանի մեկնարկը:
Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունն ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են ընդհանուր օգտագործման կանաչ և ծաղկապատ տարածքների, ծառերի և թփերի խնամքի ու պահպանման աշխատանքները։ Վարչական շրջանների այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում տարվում են ընթացիկ մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Ընթացքում են նաև չորացած ծառերի հատման և սանիտարական էտի աշխատանքները։ Պատասխանատուներին հանձնարարվել է նաև ակտիվացնելով աշնանային տերևաթափով պայմանավորված ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման աշխատանքները։
Խորհրդակցության ավարտին աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել նոյեմբերի 11-ին համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ կազմակերպելու նպատակով: Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին: