Արմավիա ընկերության սնանկացումը կապ չունի օդանավակայանի սակագների հետ
”Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ հայտարարություն է տարածել, որում ասված է.
”ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում միտք է հայտնել` իբր ”Զվարթնոց” միջազգային օդանավակայանում գործող սակագները բարձր են, եւ դա իր անդրադարձն է ունեցել ”Արմավիայի” սնանկացման վրա: Այս ամենն ասվում էր արդարացնելու համար պետական արտոնություններից օգտվող ”ազգային փոխադրող” ունենալու անհրաժեշտությունը` ի հակադրություն ”Բաց երկնքի” քաղաքականության, որը հավասար պայմաններ է ենթադրում բոլոր ավիաընկերությունների համար:
Կուզենայինք հիշեցնել պարոն Սաֆարյանին, որ Հանրային Խորհրդի առաջարկությունից հետո ՀՀ կառավարությունը վարձեց ՄաքՔինզի խորհրդատվական ընկերությանը` ՀՀ ավիացիոն քաղաքականության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: ՄաքՔինզի ընկերությունը, որն օդային փոխադրումների բնագավառում ամենահեղինակավոր խորհրդատվական ընկերություններից մեկն է աշխարհում, ավելի քան 3 ամիս անցկացրեց Հայաստանում` ուսումնասիրելով Հայաստանի ավիացիոն շուկան:
Այս ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ կառավարությունը որոշեց ազատականացնել Հայաստանի օդային փոխադրումների ոլորտն ու հայտարարեց ”Բաց երկնքի” քաղաքականության անցնելու մասին: ՄաքՔինզին եզրակացրեց` ՀՀ տնտեսությունը կշահի, քանի որ տուրիզմի զարգացումը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի:
Ինչ վերաբերում է օդանավակայանի ենթադրյալ բարձր սակագներին, ապա ՄաքՔինզի ընկերությունը հայտարարեց, որ սակագները բարձր չեն և համապատասխանում են մատուցվող որակյալ ծառայություններին: Ուստի ասել, թե այս կամ այն ավիաընկերությունը սնանկանում է օդանավակայանի բարձր սակագների պատճառով ուղղակի անհիմն է և պարզունակ:
Պարոն Սաֆարյան, դուք ցանկացած ժամանակ կարողեք հանդիպել մեզ հետ և մենք պատրաստակամ ենք պարզաբանել, որ Արմավիա ընկերության սնանկացումը կապ չունի օդանավակայանի սակագների հետ:
Ներկայումս ”Արմենիա” միջազգային օդանավակայաններ” ընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ` բոլոր ուղղություններով թռիչքներն ավելացնելու ուղղությամբ: Հավելյալ թռիչքների մի մասն արդեն իրականացվում են, մի մասն արդեն հայտարարվել են հաջորդ ամառվա համար, և դեռ շատերի մասին կհայտարարվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը նաև սերտ կապի մեջ է ”Էյր Արմենիա” տեղական ավիաընկերության հետ և փորձում է լավագույն պայմանները ստեղծել վերջինիս հաջողության համար:
Դեռևս մեկ ամիս է, ինչ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում նոր քաղաքականություն է որդեգրել, ուստի կխնդրեինք պրն. Սաֆարյանին չխոչընդոտել` հնարավորություն տալով շուկայում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին (Կառավարություն, օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Տուրիզմի վարչություն, Ազգային Մրցունակության Հիմնադրամ) գոնե մի որոշ ժամանակ աշխատել ”Բաց երկնքի” քաղաքականության զարգացման ուղղությամբ”: