Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 25-ին կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը։
Օրակարգում ընդգրկված են ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում կքննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը, ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։
Նիստի մասնակիցները կանդրադառնան նաև ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։ Օրակարգային թեմաներից է նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների միջոցառումների ծրագրի քննարկումը։ Կհայտարարվեն նաև ԵԱՏՄ այն երկրները, որտեղ 2018-2020 թվականներին նախատեսվում է անցկացնել ավանդական «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը։
Ղրղզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում նախատեսվում է հաստատել երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։ Կորոշվի նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը։