05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը պարգևատրվել է Ռուսաստանի հայերի միության բարձրագույն շքանշանով

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում Ռուսաստանի հայերի միության և Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպված հայոց գրերի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի կառավարության անդամներ, ինչպես նաև  հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տոնական երեկոյի շրջանակում հայ և ռուս երիտասարդները բեմում ներկայացրել են Հայոց գրերի ստեղծման պատմությունը, ցուցադրվել է նաև Մեսրոպ Մաշտոցի մասին պատմող տեսաֆիլմ: Ամբողջ երեկոն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ունկնդրելու հայկական երաժշտություն` Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի և այլոց ստեղծագործությունները:

Մոսկվայի կառավարության ներկայացուցիչը, փոխանցելով քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի շնորհավորական ուղերձը, նշել է, որ Հայոց գրերի օրը տոնելը ոչ միայն լրացնում և հարստացնում է Մոսկվայի գրական և մշակութային առօրյան, այլև կդառնա  հայ-ռուսական հարաբերությունների տարեգրության ևս մեկ հիշարժան էջ: Ի դեպ, Մոսկվայի կառավարության կողմից ընդունված որոշմամբ այս տարվանից հայոց գրերի օրը Մոսկվայում կնշվի որպես համաքաղաքային տոն:

Միջոցառման շրջանակում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է Միության բարձրագույն պարգևով` շքանշանով, հատկանշելով, որ ինչպես Երևանի քաղաքապետի պաշտոնում, այնպես էլ դրանից առաջ, Տարոն Մարգարյանը մշտապես գործուն աջակցություն է ցուցաբերել Միության բազմաթիվ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում: Արա Աբրահամյանը նաև հատուկ նշել է, որ միության 14−ամյա գործունեության ընթացքում շատ քչերին է հաջողվել արժանանալ բարձրագույն այդ պարգևին:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն  ընդգծել է, որ այսուհետ ևս շարունակելու է աջակցել Միության բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են ինչպես Հայաստանի, այնպես էլ  հայկական սփյուռքի խնդիրների կարգավորմանը: Բացի այդ, քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել Արա Աբրահամյանին Մոսկավայում Երևանի օրերի շրջանակում Հայոց գրերի օրվան նվիրված միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար:

 «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Մոսկվայի քաղաքապետին և կառավարությանը՝ հայոց գրերի օրվան նվիրված միջոցառման կազմակերպմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մեր բարեկամ պետությունն իսկապես հատուկ վերաբերմունք ունի մեր պետության նկատմամբ և գնահատում է այն, ինչը մեզ համար հատկապես թանկ է ու արժեքավոր», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ