Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. հոբելյանական միջոցառումների վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր հոբելյանական միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երեւանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով:
Հիշյալ միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ Հանրապետության Նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը, եւ հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ:
Խորհրդակցության սկզբում Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երեք միջոցառումներն էլ ունեն առանձնահատուկ նշանակություն եւ պետք է անցնեն անթերի՝ կազմակերպչական շատ բարձր մակարդակով: «Ըստ էության, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի Հայաստանի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառումը՝ աշխարհի ֆրանկոֆոն երկրների ղեկավարների, բարձրաստիճան բազմաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ: Ենթադրվում է, որ 100-ից ավելի պատվիրակություններ եւ մինչեւ հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ կմասնակցեն գագաթնաժողովին: Սա մեծ միջոցառում է, որի սահուն կազմակերպումը պետք է վկայի մեր պետական մարմինների կայացվածության մասին»,-ասել է Հանրապետության Նախագահը:
Երեւանում 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների եւ դրանց վերաբերյալ Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար, Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Նալբանդյանը: Օրակարգի հաջորդ հարցի՝ Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը զեկուցել է պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Երեւանի քաղաքապետ, պետական հաջորդ հանձնաժողովի նախագահի տեղակալ Տարոն Մարգարյանը զեկուցել է Երեւանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
Հանրապետության Նախագահը խորհրդակցության արդյունքում հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ամփոփել շահագրգիռ մարմիններից ստացված բոլոր առաջարկությունները եւ ներկայացնել հոբելյանական միջոցառումների մանրամասն ծրագրերը՝ կատարման պատասխանատուներով եւ ֆինանսական հստակ հաշվարկներով: Նախագահի կողմից տրվել են նաեւ կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հանձնարարականներ: