18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ-ում մասնակցեց Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը

Հոկտեմբերի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երևանի պետական համալսարան, ուր ներկա գտնվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման արարողությանը:

Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և Հայաստանում ՄԱԿ-ի ռեզիդենտ ներկայացուցիչ Բռեդլի Բուզետոն։

Ողջունելով Հայաստանի Մայր ԲՈՒՀ-ում Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացումը՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես ասաց.

«Սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրվա կապակցությամբ Երևանի պետական համալսարանում էի: Ուրախ եմ, նորից գալ մայր ԲՈՒՀ այս կարևոր առիթով՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման կապակցությամբ։

Հատկանշական է, որ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակի տարում մենք ևս մեկ անգամ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Բուտրոս-Ղալիի հիշատակին, ով եղել է 20-րդ դարի երկրորդ կեսի միջազգային հարթակի ամենահեղինակավոր անձանցից մեկը՝ կարկառուն պետական գործիչ և փայլուն դիվանագետ: Նա բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարությունը, հմտորեն առաջնորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, անմնացորդ նվիրվածությամբ իր հարուստ գիտելիքներն ու փորձն ի սպաս դրեց աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանը և բարեկեցությանը: Ես պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու այս բացառիկ մարդուն, շատ ջերմ բարեկամական հարաբերություններ եմ ունեցել, որի հետ հանդիպումներից մնացել են ամենավառ հիշողություններ:

Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության ակունքները ևս կապված են Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան հետ, ով այդ ժամանակ գլխավորում էր այս գլոբալ կառույցը: Խորհրդանշական է, որ դրանից երկու տարի անց, Երևան իր այցելության ժամանակ, Բուտրոս Ղալին հյուրընկալվեց նաև Երևանի պետական համալսարանում։

Աշխարհաքաղաքական բեկումնային փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ միջազգային կառույցները փորձում էին արձագանքել նոր զարգացումներին և հակամարտությունների կանխարգելման ու հանգուցալուծման մեխանիզմներ ձևավորել, Բուտրոս-Ղալին առաջ քաշեց «Խաղաղության օրակարգ»-ի գաղափարը, որն անկասկած ավելի քան արդիական էր աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող հակամարտությունների համատեքստում: Համաշխարհային պատմության տարեգրության մեջ նա կմնա որպես գործիչ, որը պատրաստ էր առճակատվել խնդիրներին, չէր խուսափում դժվարություներից՝ փորձելով լուծումներ փնտրել բազում մարտահրավերների համար։ Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ իր մանդատի սահմաններում, նա արեց իրենից կախված առավելագույնը՝ հանուն մարդկության անվտանգության, խաղաղության և բարօրության:

Հուսով եմ, որ այս լսարանում ուսանողները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և առաջնորդվելով նաև Բուտրոս Ղալիի գաղափարների ոգով՝ կծառայեն և՛ Հայրենիքին, և՛ համամարդկային արժեքների առաջմղմանը, փորձելով իրենց նպաստը բերել աշխարհում խաղաղության հաստատմանն ու կայուն զարգացմանը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ