«Էտ բանկա, բութուլկեքին էլ չուղարկես մոտս». մեղադրյալը՝ դատախազին
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ գործով դատական նիստը այսօր պետք է շարունակվեր վկաների քննությամբ:
Սակայն գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ:
Պաշտպանը նշեց, որ 23 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը երեկ երեկոյան տեղափոխվել է պատժախուց, քանի որ նրա մոտ արգելված իր է հայտնաբերվել:
«Հացադուլի մեջ գտնվող անձի մոտ 21 օր հետո արգելված իր են հայտնաբերում և ուղարկում պատժախուց:Այն դեպքում, երբ խախտվել է օրենքը ու Ներսես Պողոսյանը գտնվել է ընդհանուրխցում, մինչդեռ հացադուլի մեջ գտնվող անձը պետք է առանձին լիներ: Նույն խցում գտնվող կալանավորը Ներսես Պողոսյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ անհարգալից արտահայտություններ են հնչեցրել»,-նշեց Պաշտպանը:
Դատարանի դահլիճում գտնվող Ներսես Պողոսյանի նյարդերը չդիմացան.«Ինձ ճտի տեղ մի դրեք ու փորձեք խեղդել»:
Դատական նիստը հետաձգելու միջնորդությամբ հանդես եկան նաև պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը և Աննա Ջուվանովան:
Դատարանը դիմեց Ներսես պողոսյանին, որը հայտնեց , որ չի կարող մասնակցել նիստին, քանի որ շատ վատառողջ է:
Ներսես Պողոսյանը դիմելով դատախազ Պետրոս Պետրոսյանին ասաց.«Էտ բանկա, բութուլկեքին էլ չուղարկես մոտս»:
Արտահայտությանը դատախազը պատասխանեց ժպիտով:
Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։