Դեռ չլուծված խնդիրներ կան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/vova-gasparyan_1385457822.jpg)
Ոստիկանության բարեփոխումները, ոստիկանության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կրթությունն ու վստահությունը ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված այսօր մեկնարկած միջազգային կոնֆերանսի թեմաների առանցքում են:Երկօրյա միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների բաժնի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ, ինչպես նաև Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի համագործակցությամբ:
Միջոցառումը մասնակիցներին տրամադրում է հարթակ՝ ուսումնասիրելու այլ երկրների փորձը, քննարկելու ձեռքբերումներն ու բարեփոխումների ընթացքում իրենց առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև փոխանակելու մտքեր ոստիկանության ոլորտում հետագա բարեփոխումների վերաբերյալ:
Համաժողովին մասնակցում են մոտ վաթսուն բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունից, Ազգային ժողովից, պետական մարմիններից, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկեր կազմակերպություններից:
Միջոցառմանը մասնակցում է նաև բարձրաստիճան պատվիրակություն՝ Ղրղզստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներից, որն այժմ ճանաչողական այցով Հայաստանում է ԵԱՀԿ աջակցությամբ: Մասնակիցները կքննարկեն ոստիկանության բարեփոխումների հիմնական ձեռքբերումները և մարտահրավերները Հայաստանում, Վրաստանում և Էստոնիայում, ինչպես նաև համայնքային ոստիկանության և կրթական բարեփոխումների կարևորությունը:
Առանձին նիստ նվիրված կլինի ոստիկանության գործունեության խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությանը՝ որպես ոստիկանության հաշվետվողականության և թափանցիկության երաշխավորման մեխանիզմ:ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նշեց.
”Այսօրվա հանդիպումը առանձնակի նշանակություն ունի, քանի որ հնարավորություն է ընձեռում անդրադառնալու ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների գործընթացին՝ ներկայացնելով հիմնական հաջողությունները, որոնք ձեռք են բերվել առ այսօր և քննարկելով ապագա ծրագրերը:
Վերջին երկու տարիների ընթացքում իրականացվել են մի շարք աշխատանքներ, որոնք նպաստել են ոստիկանության ծառայության արդյունավետության և հաշվետվողականության բարձրացմանը: Միևնույն ժամանակ, դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնց վերացմանն ուղղված միջոցառումները ներառված են 2013-2014 թթ. բարեփոխումների նոր ծրագրի մեջ:
”ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց. ”Ոստիկանության համակարգի բարեփոխումը գերակայություն է շատ անցումային երկրներում: Դա դժվար և մարտահրավերներով հագեցած գործընթաց է, որը պահանջում է համակարգային փոփոխություններ, իրավապահ մարմինների աշխատակիցների հմտությունների կատարելագործում և ամենակարևորը՝ մտածելակերպի փոփոխություն՝ ուղղված ապահովելու արդյունավետ ծառայություն հանրային կարիքները հոգալու համար:
Կարծում եմ, որ այս համաժողովը կօգնի կողմերին ուսումնասիրել միմյանց փորձը և բացահայտել լավագույն պրակտիկան, որը կարող է նպաստել ոստիկանության հետագա բարեփոխումներին Հայաստանում”:ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցում է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների գործընթացին 2010թ.-ից ի վեր՝ կենտրոնանալով ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի խթանման վրա՝ ոստիկանական կրթության և ոստիկանություն-հանրություն գործընկերության ամրապնդման ոլորտներում: