Վիզաների խնդիրը լուծելու համար ԱՄՆ-ն 4 պայման է ներկայացրել Թուրքիային
ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Ջոնաթան Քոհենի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Թուրքիա:
Ըստ թուրքական «Haberler» պարբերականի՝ սպասվում է, որ ամերիկյան պատվիրակությունը թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ստեղծված լարված իրավիճակը, մասնավորապես վիզաներ չտրամադրելու հարցը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ ամերիկյան կողմը Անկարային 4 պայման է ներկայացրել, որոնց իրականացման դեպքում հնարավոր կլինի վիզաների հետ կապված խնդիրը լուծել:
1. Պաշտոնական Անկարան պետք է փաստեր ներկայացնի, որով ապացուցվում է ԱՄՆ-ի հյուպատոսարանի 2 աշխատակցի մեղքը լրտեսության մեջ:
2. Թուրքիայում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակիցների դեմ իրականացվող հետաքննության վերաբերյալ պետք է իրազեկվի Միացյալ Նահանգներին:
3. Աշխատակիցների նկատմամբ տարվող հետաքնությունը պետք է ընթանա միայն ամերիկյան կողմի համաձայնության ներքո:
4. Եթե հյուպատոսարանի աշխատակիցը ԱՄՆ-ի ցանկությամբ է կապի մեջ մտնում պաշտոնական Վաշինգտոնի հետ, ապա նման դեպքում թուրքական կողմը չպետք է կալանավորի այդ անձին:
Աղբյուրը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ Թուրքիան հրաժարվել է կատարել այդ պայմանները:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում լրտեսության մեղադրանքով կալանավորվեց Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը, պաշտոնական Վաշինգտոնը որոշում կայացրեց ժամանակավորապես վիզաներ չտրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Ի պատասխան դրան՝ Թուրքիան էլ իր հերթին որոշեց վիզաներ չտրամադրել ամերիկացիներին: