Մոսկվան կորոշի

՛՛Այսօր ուկրաինական ժողովրդի մասին ասում են, որ նա հպարտ ժողովուրդ է, մեր մասին դա չեն ասում, որովհետև չափում են ՀՀԿ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և այլ ռուսամետ ուժերով, բայց մեր հասարակությունը նույնպես ապացուցելու է, կասկած չունեմ, որ մենք պահպանելու ենք մեր պետականությունը՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա՝ մոտ ապագայում մեծ բողոքի ալիք կբարձրանա հայ հասարակության կողմից: ՛՛Հայաստանում կան դիմադրության առանձին օջախներ ու կղզյակներ, որոնք ժամանակի ընթացքում ինքնուրույն կկազմավորվեն: Ուղղակի հիմա այդ ուժերը կարողանում են քողարկել՝ ասելով, որ Սերժ Սարգսյանն է միակ չարիքը, իրենք ևս նույն չարիքն են՛՛,-կարծում է նա:
ՀԱԿ նախկին անդամը հայտարարեց, թե կմասնակցի բոլոր այն միջոցառումներին, որոնք ուղղված են մեր պետականությունը պահպանելուն: Հարցին, թե պատրաստ է դուրս գալ փողոց, նա պատասխանեց. ՛՛Պատրաստ եմ, բայց միայնակ այստեղ հնարավոր չէ ոչինչ անել, այստեղ լուրջ համաախմբում է պետք, ոչ այնքան կուսակցությունների, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՛՛:
Երբ անդրադարձ կատարվեց Ուկրաինային և լրագրողները հիշեցրին, որ Ուկրաինայում ընդդիմությունը թղթապանակներ նետեց իշխանության կողմ, Շահնազարյանը կատակով արձագանքեց. ՛՛Մեր խորհրադարանում, ցավոք, ոչ մեկը թղթապանակ չունի՛՛:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի վարչապետ Ազարովին, ապա Շահնազարյանը նկատեց, որ նա իրարամերժ հայտարարություններ է անում: ՛՛Ազարովը վերջին օրերն է ապրում: Չի հիշեցնո՞ւմ որևէ այլ երկրի վարչապետի՛՛,-ասաց նա՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները Մաքսային միության վերաբերյալ: Բանախոսի դիտարկմամբ՝ վարչապետի պաշտոնավարման հարցը ևս Մոսկվան կորոշի: ՛՛Մեր դեպքում դա կորոշի Մոսկվան, ինչպես նաև ամեն ինչը՛՛: