05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայ-ռուսական սկանդալ. Ժամանակ

Ռուսական շուկայում հայտնված թուրքական լոլիկի հարցը հայտնվել է արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրության կենտրոնում։ Վորոնեժում օրերս անցկացված ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպմանը, որին մասնակցել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկվել է թուրքական լոլիկների մաքսանենգ ներկրման հարցը։

Ռուսաստանում վերջին ժամանակներս հաճախ են խոսում այն մասին, որ Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից ներկրվող լոլիկների քանակը չի համապատասխանում այն ծավալներին, որոնք աճեցվում են այդ երկրներում։ Ռուսաստանում մտավախություն ունեն, որ հայկական, ադրբեջանական և բելառուսական լոլիկների անվան ներքո երկրում հայտնվում են թուրքական լոլիկներ, որոնց ներկրումն արգելված է։

Բանը հասել է նրան, որ օրեր առաջ «Ռոսսելխոզնադզորը» խստացրել է վերահսկողությունը Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից լոլիկների ներկրման վրա։ «Մենք, անշուշտ, պետք է լուրջ աշխատանք կատարենք, որպեսզի թուրքական լոլիկները մաքսանենգ ճանապարհով չհայտնվեն և չկործանեն մեր բոլոր ներդրումներն այդ ոլորտում»,- ասել է գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը։

Հայաստանում, սակայն, վստահեցնում են, որ նման բան չի կարող լինել, քանի որ ոլորտը լուրջ հսկողության տակ է։ Բացի այդ, ըստ մեր գերատեսչությունների՝ Ռուսաստանի գյուղնախարարության աշխատակիցները անձամբ են վերջերս համոզվել, որ լոլիկի արտադրության ծավալները ու արտահանման ծավալները համընկնում են։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացրին, որ ծառայությունը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունից չի ստացել որևէ գրություն կամ պարզաբանում մակնշման պահանջները փոփոխելու կամ խստացնելու վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետությունից թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվում է ԵՏՀ խորհրդի թիվ 157 որոշմամբ սահմանված մակնշմանը ներկայացվող պահանջներին համապատասխան՝ նշելով արտադրանքի յուրաքանչյուր փաթեթվածքի վրա ապրանքատեսակի անվանման, դրա ծագման երկրի, արտահանող երկրի և/կամ վերարտահանող երկրի մասին տեղեկատվություն»,- փոխանցեցին ՍԱՊԾ-ից՝ ավելացնելով․

«Ինչ վերաբերում է լոլիկի արտահանմանը, ռուս գործընկերներին այս ընթացքում պարբերաբար տրվել են արտադրության ծավալների մասին սպառիչ հիմնավորումներ, ավելին՝ այս տարվա մարտի վերջին են ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային և մաքսային ծառայությունների ներկայացուցիչներն այցելել մեր հանրապետության ջերմոցային տնտեսություններ, համադրել լոլիկի արտադրության և արտահանման ծավալները, հավաստիացել հզորությունների առկայության մեջ»։

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունից էլ հրաժարվեցին որևէ պարզաբանում տալ՝ պատճառաբանելով, որ դա ՍԱՊԾ-ի գործառույթն է։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ Հայաստանի միջոցով ՌԴ թուրքական լոլիկի արտահանման պատկերը անցած տարի էր խայտառակ։ Դա արվում էր մասսայաբար, ինչից էլ աղմուկը բարձրացավ։ Իսկ այս տարի արդեն պաշտոնական թվերով մենք լոլիկի ներկրում չունենք։

«Թուրքիայից լոլիկ ներկրելու և ՌԴ արտահանելու միտումը արդեն նահանջ է ապրում։ Անցած տարիներին երկկողմ համաձայնությամբ էր դա իրականացվում։ Իսկ այս տարի մաքսայինի թվերով որ նայում ենք, լոլիկի ներկրում չկա, բայց որ շուկան նայում ենք, մեկ է՝ շուկայում թուրքական լոլիկ կա։ Իսկ երբ սահմանի վրա թուրքական լոլիկի ներկրումը ցույց չենք տալիս, նշանակում է հեռահար նպատակներ ունենք՝ հետագայում այդ նույն ապրանքը արտահանելու համար։ Այսինքն՝ այս երևույթը կա, ներմուծում Թուրքիայից իրականացվում է, բայց քանի որ ներմուծումը ցույց չի տրվում, միայն չենք կարող ասել, թե ինչ ծավալների մասին է խոսքը։ Դժվարանում եմ ասել, թե ինչ ծավալի ներկրում և արտահանում ենք իրականացնում»,- ասաց Պիպոյանը։

Պիպոյանի խոսքով՝ այն, որ ՌԴ-ի հայտարարության մեջ Հայաստանի անունը կա, դա նշանակում է, որ իրենք լուրջ տեղեկություններ ունեն նման պնդումներ անելու համար։ Իրենց անգամ ծավալների մասին են տեղեկություններ հայտնի։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ խոսքը միայն թուրքական լոլիկի մասին չէ։ Հայաստանը նաև եվրոպական որոշ երկրներից է տարբեր ապրանքներ ներկրում և հայկական պիտակով արտահանում ՌԴ։ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ այդ մեխանիզմը կա, բայց դրանց մասին փաստեր չունենալով խոսելը նշանակում է բամբասել։

«Չի բացառվում նաև, որ դա արվի երկկողմ համաձայնեցված։ Գուշակություն չեմ ուզում անել։ Այլ հարց է, թե մենք որքանով ենք ազնիվ խաղում մեր գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ։ Իսկ լոլիկի մասով մենք տեսանք, որ այնքան էլ ազնիվ չենք եղել ՌԴ-ի հետ։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Հիմա երբ Ռուսաստանն ասում է՝ ստոպ, էդ ինչ եք անում, ուրեմն դա նշանակում է, որ համաձայնություն չկա, և պայմանավորվածություններ են խախտվել»։

Պիպոյանի խոսքով՝ եթե այս սկանդալի արդյունքում պարզվի, որ իրականում Հայաստանը նման մեխանիզմներով թուրքական լոլիկ, եվրոպական այլ ապրանքներ է արտահանել ՌԴ, ապա գուցե բանը հասնի սանկցիաների կիրառմանը Ռուսաստանի կողմից։ «Ամենամեծ վնասը, որ կարող ենք ստանալ, կարող է լինել սանկցիաների կիրառումը, սահմանային լուրջ հսկողությունը, որը կարող է խոչընդոտ դառնալ հայրենական արտահանողների համար»,- նշեց Պիպոյանը։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ