24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարտի մեկը կուլ գնաց, Րաֆֆին գնաց աղոթելու, Շանթին գժանոց տարան…

Մարտի մեկը կուլ գնաց, Րաֆֆին գնաց աղոթելու, Շանթին գժանոց տարան… մենք շարունակում ենք դժգոհ լինել, բողոքել, հայհոյել, պայանջել՝ էլ չենք ուզում էսպես շարունակել, բայց ոչինչ չի փոխվում: 

Հենց հիմա Կիեւում նորից վրաններ են բացել, ոստիկաններն էլ զինվել են արցունքաբեր գազով, լրագրողներն էլ իրենց տերերից հանձնարարականներ են ստացել՝ ինչպես լուսաբանել… Մի քանի շաբաթ առաջ էլ՝ Գայ Ֆոքսի հայկական տնազը փորձեց էլի ցույցեր անել, ավարտվեց – ցինիկ ֆարսով: 

Կինտեգրվի Ուկրաինան Եվրոպային, թե Ռուսաստանին կուլ կգնա, դա դեռ կերեւա, բայց մի բան պարզ է, սա այն դեպքերից է, երբ մարդիկ իսկապես դուրս են եկել փողոց, որովհետեւ չեն ուզում միանալ Մաքսային միությանը. (չեմ կարծում թե ժամանակակից ինչ որ ետխորհրդային երկրի ադեկվատ բնակիչ ուզենա Ռուսաստանի հետ շարունակել իր ճանապարհը): Միաժամանակ երբ մեր մոտ Շանթը ցույց էր անում, մարդկանց մեծամասնությունը հոգու խորքում, իսկապես համաձայն էր նրա հետ, բայց ինչպե՞ս այդ ամենը ավարտվեց…

Վերջերս մեկը ստատուս էր գրել, որ “բազմամարդ” ցույց անելու համար պետք է մի քանի հոգի, լիքը լրագրողներ եւ աղմուկը պատրաստ է…

Գուցե կար ժամանակ, երբ խրոխտ պլակատներով, հրապարակներում հավաքվելով, գոռգոռալով ու երթերով հնարավոր էր հասնել նրան, ինչ ուզում է հասարակությունը, ինչը ակնհայտ է, բայց ինչ որ պատճառներով իշխանությունները չեն ուզում փոխել, ուղղել, ընտրել կամ որոշել: Գուցե մի ժամանակ էդպես է եղել: 

Հիմա ցույցերը ու հանրահավաքները, ակցիաները ու ֆլեշմոբերը – ուղղակի PR-ի պրիմիտիվ գործիքներ են, որ արդեն արժեզրկվել են, որ ցանացած պահի կարելի է կամ ցրել, կամ էնքան հեգնել, որ ինքները ցրվեն: Ցույցեր կազմակերպում են միջազգային կազմակերպությունները՝ գրանտի համար, օլիգարխները՝ պաշտպանվելու, իշխանության տարբեր ճյուղերը՝ իրար դեմ պայքարի համար, իսկ մարդիկ ու իրենց պահանջները վերջինն են, որ այդ կազմակերպիչներին հետաքրքրում են. նրանք պարզապես դեկորացիա են մեծ խաղի մեջ…

Բնականաբար հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս պետք է հասարակությունը պայքարի :

Շատ պարզ, ժամանակակից ակցիաների, ցույցերի եւ ֆլեշմոբերի մասնակիցները հիմնականում կրթված, որոշակի աշխատանք ունեցող կամ ինչ որ սոցիալական ազդեցություն ունեցող մարդիկ են: Մեյմունություն անելու կամ ուրիշի ձեռքի գործիքը դառնալու փոխարեն, նրանցից յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն իր ընկերների, համախոհների, գործընկերների փոքր-փոքր խմբերով հասկանալ, թե իր ոլորտում իր հնարավորությունների սահմանում ինչպես կարող է ստիպել պետությանը ծառայել իրեն, այլ ոչ թե ծառայեցնել: 

Նկատի ունեմ պարտիզանական պայքարը: 

Փտած համակարգի դեմ պետք է պայքարել թարմ միջոցներով, տեղային կոնկրետ քայլերով, հակառակ դեպքում մի տեսակ ծիծաղելի է, երբ մի քանի տասնյակ մարդ կանգնում է ինչ որ շենքի դիմաց ու գոռում… լրատվամիջոցները դա նկարում են, եւ ամեն մեկը իր ուզած տեսանկյունից ցույց տալիս: Միջազգային կառույցներն էլ նայում են, ինչ որ գրառումներ կատարում իրենց ծոցատետրերում եւ պետք եղած դեպքում օգտագործում ի շահ իրենց, ոչ թե քեզ: 

Մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ պետական կառույցներում էլ մեր պես մարդիկ են աշխատում, որոնք իրենք էլ գուցե շատ բանի դեմ են, ու եթե սկսվի պարտիզանական տեղային պայքար, կմիանան, բայց ոչ թե ցույց անելով, այլ տեղում գործով:

Վատ է աշխատում դատական համակարգը՝ էդ ոլորտի բազմաթիվ դժգոհ մարդիկ կան, կարող են տակից թաքուն – դատախազության իրենց աշխատասենյակներում փոփոխության ծրագրեր մշակել, միանալ մյուս բաժինների իրենց համախոհների հետ եւ փոփոխություններ անել:

Վատ է աշխատում տրանսպորտը, հազարավոր վարորդներ կան, որ դժգոհ են, կարող են հենց երթուղայինններում փոքրիկ քննարկումներ կազմակերպել՝ ինչպես փոխել իրավիճակը, գուցե հենց էդ երթուղայինում մի լավ իրավաբան լինի, մի լավ ֆինանսիսիտ… 

Կարծում եմ ասածս հասկանալի է: Ու որքան էլ թվա թե ինչ որ չափով ֆանտաստիկայի ժանրից է, ասեմ, որ ես ոչ մի նոր բան չեմ ասում, սա շատ հասուն հասարակություններում ձեւավորված փորձ է: Պարզապես մենք չգիտես ինչի դրան ուշադրություն չենք դարձնում: Բայց պետք է շտապենք: 

Եթե իսկապես ուզում ենք ինչ որ բան փոխել, պիտի առաջին հերթին փոխենք մեր պայքարի ձեւը: Հակառակ դեպքում միշտ կարելի է մի կես ժամով կամ թեկուզ մի քանի օրով գնալ հրապարակ, գոռգոռալ, մի քիչ ծեծ ուտել ու պարտքը կատարածի դեմքի արտահայտությամբ վերադառնալ քո կոմպի առաջ: Էդպես ոչինչ չի փոխվի:

 

Գայանա Պողոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ