Թուրքիան ևս անելիք ունի. Շարմազանովը՝ Էրդողանի հայտարարությունից
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, թե ինչ հարցեր են քննարկվել:
Նրա խոսքով՝ ներկուսակցական ու ներքաղաքական հարցերը քննարկելուց զատ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ կայացած հանդիպման արդյունքները: ՛՛Այդ հանդիպումը հայկական կողմը գնահատում է նորմալ, դրական, որովհետև վերսկսվեցին բանակցությունները և հայկական կողմը որպես խաղաղ բանակցությունների կողմնակից, դրական է գնահատում, որ բանակցությունները վերսկսվեցին՛՛,-ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում արած հայտարարությանը, թե Թուրքիան եւ Ռուսաստանը պարտավորություններ ունեն տարածաշրջանում՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ և պետք է համատեղ քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ, ապա ԱԺ փոխնախագահն ընդգծեց. ՛՛Տարածաշրջանային երկրները պետք է շահագրգռված լինեն, որ Հարավային Կովկասում լինի խաղաղություն, բայց այստեղ անելիք ունի նաև Թուրքիան:
Թուրքիան նախ և առաջ պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումը, պետք է դադարեցնի միակողմանի դիրքորոշումը ԼՂՀ-ի կարգավորման գործընթացում և չպետք է խառնվի խնդրի կարգավորմանը ՛՛:
Շարունակությունը՝ տեսանյութում: