«Հայաստանում սկսվել է որակական արմատական փոփոխությունների մի շրջան»
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դժվարանում է ասել՝ որքանով է արդյունավետ կիրառվել ու ծախսվել պետական պարտքով վերցված գումարը:
«Շատ բարդ է ասել, որովհետև պարտքերը շատ բազմազան են ու տարբեր ոլորտներ են ուղղվել, զուտ թռուցիկ կարող եմ ասել, որ որոշ վարկեր նպատակային են օգտագործվել առավել, որոշները՝ ոչ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Որպես օրինակ նա բերեց «Հյուսիս-Հարավը»:
«Ես համոզված եմ, որ այստեղ շատ ավելի ճիշտ մոտեցումներ կարող էին լինել, մինչև այսօր խնդիրներ ունենք կատարված աշխատանքի որակի, քանակի վերաբայալ: ՏԿՆ-ն, իհարկե, իր մեկնաբանությունները տվեց, և այն չէր, ինչ մամուլը ներկայացնում էր, բայց բոլոր դեպքերում որտեղի՞ց պիտի սկեինք, ո՞ր տեղերն էին ավելի կարևոր, այս հարցերն այսօր բուռն քննարկվում են նախարարությունում: Նախատեսված էր, որ ճանապարհը լինի քառակողմ երթևեկության համար, այսօր քննարկվում է՝ հետագա փուլերում նպատահարմար է այդպես անել: Մեր նպատակն է հարավը կապել հյուսիսի հետ, այսինքն ՝ մտնել Վրաստան և դուրս գալ ծով, որն իսկապես սկսել ենք ու պիտի ավարտենք, որովհետև սա էապես կմեծացնի բեռնափոխադրումները Իրան և այլն, բայց եթե Վրաստան մտնում ենք, հրաշալի ճանապարհ է, բայց երկկողմ երթևեկություն է, քառակողմ չէ, արդյոք նպատակահարմար է օրինակ Գյումրի-Բավրա հատվածն էլ քառակողմ անել, թե ոչ և այլն, և այլն, բայց կառավարությունն ավելի աչալուրջ է մոտենում այս հարցերին»,-նշեց Աղվան Վարդանյանը:
Հարցին, թե արդյոք չի ստացվում, որ մենք, լինելով ավելի շատ սոցիալական պետություն, պետությունը բիզնեսի ուղղությամբ ենք տանում, նույն օպտիմալացումը առողջապահության, սոցիալական ոլորտներում, ՀՅԴ-ական պատգամավորն արձագանքեց. «Ոչ, կարծում եմ՝ սխալվում եք, մեր նոր Սահմանադրությամբ, դա նաև ՀՅԴ-ի առաջարկն էր, մենք որդեգրել ենք սոցիալ-շուկայական տնտեսության մոդելը, ինչը նշանակում է համադրություն երկու ոլորտներում: Եվ Կառավարության գործունեությունը նաև սրան է ուղղված շատ պարագաներում, այսօր բազմաթիվ ուղղություններով Կառավարությունը փորձում է վերահսկել, մասնակցություն ունենալ, նաև այդ նույն վարկերը, որոնց տոկոսադրույքները իջեցվել են:
Խնդիրն այն է, որ մեր բոլորիս ցանկությունն է կարճ ժամկետում տեսնել արդյունքներ ու որակական փոփոխություններ: Իմ խորին համոզմունքն է՝ իսկապես Հայաստանում սկսվել է որակական արմատական փոփոխությունների մի շրջան, ցավոք դրանց արդյունքները մեկ տարում հնարավոր չի տեսնել»,-եզրափակեց Աղվան Վարդանյանը: