02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հրավերով` նոյեմբերի 21-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  պաշտոնական այցը Ուրուգվայ:
ՈւԱՀ Գլխավոր ասամբլեայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  հանդիպեց  Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին ու պատվիրակության անդամներին եւ բարձր գնահատելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Ուրուգվայ` պարոն Աստորին վստահություն հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը  եւ կնպաստի բազմակողմ համագործակցության էլ ավելի խորացմանը: ՙՈւրուգվայը միշտ Հայաստանի կողքին է, եւ բարեկամ հայ ժողովուրդը  մեր սրտերում  եւ հոգիներում է՚,- ասաց Ուրուգվայի Սենատի նախագահը: 

Նա բարձր գնահատեց հայ համայնքի դերը հայ-ուրուգվայական կապերի ամրապնդման գործում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդրին` Դանիլո Աստորին ասաց. ՙՎստահ եմ, որ ապագա չի կարելի կերտել, եթե չհիշենք անցյալը՚:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի անկախացումից ի վեր ԱԺ նախագահի առաջին պաշտոնական այցը Ուրուգվայ կարեւոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունները ամրապնդելու  եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Նա կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, բարեկամական խմբերի փոխգործակցության ամրապնդումը: Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ  համարեց առևտրատնտեսական,  զբոսաշրջության, դեղագործության եւ այլ ոլորտներում ակտիվ համագործակցություն հաստատելը: ՙԱնհերքելի փաստ է, որ մեր երկու երկրների միջև ձեւավորված են ջերմ բարեկամական հարաբերություններ, սակայն, չպետք է սահմանափակվենք ունեցածով, պետք է մեկտեղենք մեր բոլոր ջանքերը համագործակցության նոր ասպարեզներ գտնելու համար՚,- ասաց ԱԺ նախագահը: ՙՈւրուգվայն առաջին պետությունն էր, որ 1965թ. ճանաչեց Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ նման ոճրագործություններն անտեսելը նպաստում է դրանց կրկնվելուն, քանի որ անտարբերությունը դառը հետևանքների պատճառ կարող է դառնալ՚,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը հարցի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` խաղաղ բանակցությունների արդյունքում, ինչը  մեծապես կնպաստի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ զերծ պահելով տարածաշրջանը ռազմական գործողությունների աղետալի հետևանքներից: Արձագանքելով ԱԺ նախագահի խոսքին` ՈՒԱՀ փոխնախագահը նշեց, որ Ուրոգվայը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի սկզբունքները, կողմնակից է  ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` հիմնված ժողովուրդների ազատության եւ ազգերի ինքնորոշման, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: ՙՊետք է հարգել այդ հողի վրա ապրող ժողովրդի ազատությունը, մշակույթը, սովորույթները՚,- հավելեց Դանիլո Աստորին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Հովիկ Աբրահամյանը Դանիլո Աստորիին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց: ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեց Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայի շենքում:

Նույն օրը Հովիկ Աբրահամյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելեցին Մոնտեվիդեոյի կենտրոնում գտնվող  Արմենիա հրապարակ եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հովիկ Աբրահամյանը ջերմ եւ անմիջական զրույց ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ