02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Սարդարապատը՛՛ հորդորում է մնալ պաշտոնում

Արտերկրում հետզհետե ձևավորվում է Հայրենիքում տիրող իրավիճակի նկատմամբ գիտակից, և այդ իրավիճակի պատասխանատու վարչախմբի նկատմամբ պահանջատեր ու ընդդիմադիր կեցվածք։ Փորձելով կանխել այդ երևույթի տարածումն ու պահպանել արտերկրի հայկական գաղթօջախների վրա անցնող ժամանակաշրջանում ձեռք բերած իր որոշակի հսկողությունը, իշխանությունն անցել է գրոհի և փորձում է խեղդել իր համար առավել մտահոգիչ զարգացումները: 

Դրա վառ ապացույցն է Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանի դեմ սկսված աննախադեպ և անընդունելի արշավանքը, ինչի արդյունքում վերջինս ներկայացրել է զբաղեցրած պաշտոնից իր հրաժարականը: 

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը, Ազատ Օրդուխանյանի նախագահությամբ, սփյուռքահայ համայնքային ներկայացուցչական կառույցներից առաջինն էր, որ 2012թ. հունիսին բժիշկ Վահե Ավետյանի դաժան սպանության դեպքից սկսած, հստակ դիրքորոշում որդեգրեց Հայաստանում տիրող հոռի և կործանարար իրադրության նկատմամբ։Անցել են այն ժամանակները, երբ շահարկելով հայրենաբաղձ սփյուռքահայերի զգացմունքային տրամադրությունները, վարչախմբին հեշտությամբ հաջողվում էր արտերկրյա համայնքներում ներկայանալ որպես խորհրդանիշը երկար սպասված ու ի վերջո իրականություն դարձած հայկական պետականության: Ներկայումս քչերն են միայն կասկածում, որ պետականության պատմուճանի տակ թաքնված այդ խավն ու անձիք ազգի ու պետության առաջնային հակառակորդներն են: 

”Սարդարապատ” շարժումը դատապարտում է Հայաստանում իշխանությունը զավթած վարչախմբի այս ոտնձգությունները և համոզվածություն հայտնում առ այն, որ դրանք ձախողվելու են, որ Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդի և Ազատ Օրդուխանյանի օրինակները վարակիչ են դառնալու և արտերկրի հայության ու նրա կառույցների մեծամասնությունը չեն հապաղելու հետևել այդ կեցվածքին: 

”Սարդարապատ” շարժումն իր ամբողջական համերաշխությունն է հայտնում Ազատ Օրդուխանյանին և հորդորում նրան մնալ իր պատասխանատու պաշտոնում ու շարունակել պայքարը հանուն Հայաստանում պետականության հաստատման, այդ կարևոր խնդրում սփյուռքահայության լրացուցիչ ներգրավման, համահայկական շահերի հետապնդման և գերմանահայության շահերի պաշտպանության:

”Սարդարապատ” շարժումը կոչ է անում մտահոգ հայությանը պաշտպան կանգնել վարչախմբի պառակտիչ մեքենայությունների թիրախում հայտնված մեր հայրենակցին և սատարել նրա ազգանվեր գործունեությունը։

՛՛Սարդարապատ՛՛ շարժման նախաձեռնող խումբ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ