ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/g_image_1385104816.jpg)
ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը նոյեմբերի 18-22-ն անցկացված ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների համար: Միացյալ Նահանգները կարևորում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունն ու օժանդակում է այդ գործակցությանը:
ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում շեշտադրվեց Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններին և մեկնարկեց ՆԱՏՕ-Հայաստան համատեղ գործողությունը, որն ուղղված է զինված ուժերում արդարացիության ապահովմանն ու կոռուպցիայի նվազեցմանը:
Հայաստանը ձգտում է ավելի մեծ ներկայություն ունենալ միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերում: Հայաստանն ակտիվորեն ձգտում է ավելացնել խաղաղապահ իր առաքելությունները թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի ուժերի կազմում և բանակցություններ են ընթանում Լիբանանում ու Մալիում գտնվող առաքելություններին աջակցելու վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու խաղաղարար գործողությունների և պատրաստ ենք աջակցել այդ հարցում:
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունը համատեղ ուսուցումների ու վարժանքների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերների հետ կողք կողքի ծառայելու հարցում արժեքավոր փորձ ձեռք բերելու նոր հնարավորություններ է ստեղծել:
ԱՄՆ կառավարությունը մեծապես օժանդակել է Հայաստանի խաղաղապահ բրիգադի կայացման աշխատանքներին և շարունակում է այդ օժանդակությունը խորացնելու ուղիներ փնտրել: Հայ և ամերիկացի զինծառայողները կողք կողքի աշխատում են Կոսովոյում՝ իրենց ներդրումը բերելով խաղաղության և կայունության հաստատման միջազգային ջանքերին: Հայ խաղաղապահները պատվով ու գերազանց են կատարում իրենց տարաբնույթ հանձնարարությունները:
Հայաստանը շարունակում է զարգացնել իր խաղաղապահ բրիգադի կարողությունները՝ որպես մի ստորաբաժանում, որը պատրաստ է փոխգործակցության ու ունի անհրաժեշտ պատրաստվածություն մասնակցելու տարբեր խաղաղարար առաքելությունների:
Խաղաղապահ բրիգադի պատրաստվածության ու կարողությունների զարգացման աշխատանքները Հայաստանում արագ թափով առաջ են ընթանում և ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանին այդ գերազանց առաջընթացի համար: