Հրաժեշտ կուսության թեմային

՛՛Նոր քաղաքական մշակույթ՛՛ կուսակցության նախագահ Անի Զախարյանը հանրահավաքի է պատրաստվում: Henaran.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ այս պահին իրազեկման երթեր են անցկացնում բուհ-երում, տարբեր համայնքներում:
Հանրահավաքը կայանում է նոյմեբերի 24-ին ժամը 17-00-ին Վարդան Մամիկոնյանի հրապարակում, և Երևանի քաղաքապետարանն արդեն արտոնել է այն: Զախարյանը համոզված է, որ հանրահավաքին բավական մասնակիցներ կլինեն:
Հարցին, թե որ քաղաքական ուժերն են հրավիրված, նա պատասխանեց. ”Քաղաքական ուժերից ոչ մեկին ես, անկեղծ ասած, կոնկրետ հրավեր չեմ ուղարկելու: Կարծում եմ` բոլորն էլ ովքեր Facebook-յան օգտատերեր են, տեղեկացված են, որ հանրահավաքը ամսի 24-ին է”:
Նա նշեց, որ հիմա իր աշխատանքն ավելի շատ համարում է ժողովրդի քաղաքացիական գիտակցությունը բարձրացնելը, որովհետև շատերը չեն հասկանում, թե ինչ անդունդի առջև ենք կանգնած: ”Որպեսզի լուրջ հասարակական-քաղաքական գործընթացներ սկսվեն, հանրության գիտակցությունը պետք է պատրաստ լինի այդ ամենն ընկալելու, իսկ մենք չունենք այդ ամենը”:
Դիտարկմանը, թե ինքը քաղաքական դաշտ մտավ կուսության վերաբերյալ իր հայացքներով ու դա առաջին հերթին օգնեց ճանաչվել, հնարավոր է հանրահավաքի ընթացքում այդ հարցին ևս անդրադարձ լինի, Անի Զաքարյանն արձագանքեց. ”Այդ հարցին ես այլևս չեմ անդրադառնում: Խնդրում են այլևս չանդրադառնալ այս թեմային”: