Որ Պուտինը գոհ մնա. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակը” գրում է, որ Հայաստանի “ռուսաֆիկացումը” մի այնպիսի թափ է հավաքել, որ արդեն դժվար է կռահել, թե մինչև ուր դա մեզ կհասցնի։
“Գործող իշխանությունը բոլորովին վերջերս Գյումրիի մի հսկայական մասը դարձրեց ռուսական 102-րդ ռազմաբազան սպասարկող տարածք, եւ հիմա արդեն հերթը Երեւանինն է։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Երեւանի “Էրեբունի” օդանավակայանը ռուսական ռազմաբազային հանձնելու հարցը”,- գրում է թերթը եւ հավելում`
“Օդանավակայանը հիմա էլ օգտագործվում է ռուսական ռազմաօդային ուժերի կողմից։ Սակայն այս որոշմամբ այն կդառնա ռազմակայանի սեփականությունը։ Ակնհայտ է, որ սա մեր կառավարության նվերն է Վլադիմիր Պուտինին, նրա՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցելության առթիվ։ Մինչև դեկտեմբերի 2-ը դեռ երկու շաբաթ էլ կա ու հայտնի չէ, թե քանի քառակուսի կիլոմետր եւս կփոխանցվի Ռուսաստանին։
Հ.Գ. էրեբունի օդանավակայանի գործունեությունը մթության քողի տակ է: Օրինակ՝ երեկ մեր լուսանկարիչը օդանավակայանում լուսանկարել է առանց տարբերանշանների բազմաթիվ ինքնաթիռներ եւ պարզ չէ՝ դրանք ում են պատկանում՝ Հայաստանի՞ն, թե՞ Ռուսաստանին։ Օդանավակայան մուտք ու ելք անողների մեծամասնությունը ռուսական ռազմաօդային ուժերի համազգեստով ռուսներ են”,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։