Նորապսակ Ռոստոմյանի սրտով չէին բողոքները
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսօր նոր նախագահ ունեցավ:
Նախկին նախագահ Արման Մուրադյանին փոխարինեց աշխարհի ու Եվրոպայի չորս առաջնությունների մասնակից, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Նա ընտրվեց միաձայն:
Ընտրությունից հետո բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները սկսեցին միանգամից քլնգել նախկինին՝ ասելով, որ 6 ամսվա աշխատավարձերը չի վճարել:
Նորընտիր նախագահը, սակայն հույս տվեց եւ ասաց, որ Արման Մուրադյանը այնքան պատվախնդիր տղա է, որ ոչ մի պարտք ու պահանջ չի թողնի իր վրա:
Նման բողոքները ՀԱՕԿ-ի քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի /ի դեպ, նա օրերս է ամուսնացել-հեղ./ սրտով չէր եւ նա անընդհատ ռեպլիկներ էր նետում, թե պետք չի մանրանալ: “Կտա, կարող ա չտա՞”,-ասաց Ռոստոմյանը:
Թեման փակեց Արթուր Գեւորգյանը՝ նշելով, թե նախկին նախագահին ամեն ինչը շտկելու համար ժամանակ է տրվել: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա 15 օրից բռնցքամարտիկները հավաքվելու են՝ ընտրելու ֆեդերացիայի նոր կազմ, որից հետո սկսվելու են մարզային այցերը: