«Ծառուկյան» խմբակցության պատգամավորների առաջարկը մերժվել է
Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի, Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնության առաջարկը, որը վերաբերում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
Նախագծով առաջարկվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում լուծել այն կարևոր հանգամանքը, երբ ձերբակալված կամ կալանավորված անձին ձերբակալվածների կամ կալանավորվածների վայր ընդունելիս կամ գտնվելիս անձի մոտ, եթե մարմնական վնասվածքներ է հայտնաբերվում, ապա անհապաղ ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը անմիջապես տեղեկացնում է շտապբուժօգնության ծառայություն, որի բուժաշխատող մասնագետն իրականացնում է բուժզննությունը և ամրագրում վնասվածքները:
Օրենքի ընդունման արդյունքում ձերբակալված կամ կալանավորված անձին ձերբակալվածների կամ կալանավորվածների վայր ընդունելիս կամ գտնվելու ընթացքում անձի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերվելու դեպքում բուժզննությունը կիրականացվի անկախ բուժաշխատող մասնագետի կողմից:
Դավիթ Հարությունյանըհայտնեց, որ կառավարությունը չի կիսում առաջարկը:
«Շտապ բժշկական օգնոթյունը օգտագործվում է շտապ բժշկական դեպքերում, և ոչ թե այս դեպքերում», – ասաց նա:
Նախարարի խոսքով՝ վատ վերաբերմունքի և խոշտանգումների հետ կապված մի շարք կարևոր փոփոխություններ են կատարվել:
Նախարարն ասաց, որ կառավարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ բացասական է: