Հոկտեմբերի 7-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքային համապատասխան ծառայություններին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներին ընդառաջ՝ հոկտեմբերի 7-ին համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպելու և այն համակարգված անցկացնելու ուղղությամբ, որի շրջանակում կմաքրվեն և պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները:
««Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանն ընդառաջ կազմակերպվող համաքաղաքային շաբաթօրյակին ակնկալում եմ բոլորի մասնակցությունը, քանի որ սա բոլորիս տոնն է: Այս աշխատանքներում քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին կմիանան նաև պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սրտացավ բոլոր երևանցիները նաև այս կերպ կարող են արտահայտել իրենց վերաբերմունքը հարազատ քաղաքի հանդեպ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: