16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում

Սեպտեմբերի 21-ին  Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ  Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում` “Արդյո՞ք ներկայացուցչական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է. մարտահրավերներ ազգային խորհրդարաններին” թեմայով:

Նշենք, որ համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների խորհրդարանական պատվիրակություններ` խորհրդարանների ղեկավարների գլխավորությամբ:

Դիմելով համաժողովի մասնակիցներին`  ՀՀ ԱԺ նախագահն ասաց.

“Հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Իմ ելույթը ուզում եմ սկսել պարոն Նախագահին շնորհավորելով մեր հասարակություններին հուզող այս արդիական թեման ընտրելու համար: Այս համաժողովը նման կարեւոր խնդիրները քննարկելու կարեւոր հարթակ է:

Այսօր ինձ համար շատ խորհրդանշական է ժողովրդավարության այս տաճարի` ԵԽԽՎ բարձր ամբիոնից, ելույթ ունենալը. 21 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով  հռչակեց իր անկախությունը:

Հայաստանի համար անկախությունից ի վեր եվրոպական արժեհամակարգը հանդիսացել է մեր երկրի կառուցման ուղենիշը`արտահայտելով մեր ժողովրդի կամքը:

Հարգելի գործընկերներ,

Այսօրվա թեման մեր քաղաքական օրակարգում է արդեն տեւական ժամանակ: Սակայն վերջին տնտեսական ճգնաժամը եւ դրա արդյունքում պարտադրված կոշտ տնտեսական քաղաքականությունը մարտահրավեր են մեր համընդհանուր եվրոպական ժողովրդավարության արժեհամակարգին` ստիպելով մեզ անընդհատ անդրադառնալ այդ երեւույթին: 2010 թվականին Հայաստանում կայացած  “Ժողովրդավարության ապագայի” ֆորումը անդրադարձ կատարեց  ճգնաժամի հիմնական պատճառներին եւ նախանշեց հաղթահարման հնարավոր ուղղությունները:

Իհարկե, խորհրդարանները` լինելով ներկայացուցչական ժողովրդավարության ամենակարեւոր օղակներից մեկը, առանցքային դերակատարություն ունեն այս հարցում:

Սակայն ինտերնետը, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ սոցիալական ցանցերը լայն հնարավորություն են տալիս քաղաքացիներին ժամանակակից հասարակության ժողովրդավարական կյանքի ակտիվ մասնակից դառնալ: Մարդիկ ազատ բանավիճում են եւ շփվում անկախ տարածություններից եւ սահմաններից: Նման միջավայրում առկա է վտանգ, որ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը անկարող լինի արտահայտել ավելի դինամիկ հանրային կամքը: Ընդ որում վտանգն առկա է նաեւ այն դեպքում, երբ իշխանության լեգիտիմությունը որեւէ կասկած չի հարուցում:

Գոյություն ունեցող կառավարման համակարգերը իրականությանը ներդաշնակեցնելու հրամայականը պահանջում է հասարակական գործընթացների դերակատարների նոր փոխհարաբերություններ: Որքան էլ հակասական հնչի` ներկայացուցչական ժողովրդավարության ճգնաժամը պետք է հաղթահարվի ժողովրդավարության գործիքակազմի ընդլայնմամբ: Ներկայացուցչական ժողովրդավարությունը չպետք է լինի ժողովրդավարության միակ արտահայտչամիջոցը: Մենք պետք է գտնենք ժողովրդի եւ իշխանությունների միջեւ փոխգործակցության նոր, առավել կենսունակ, արդյունավետ միջոցներ: Դրանք պետք է նաեւ ներառեն տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործում անմիջական ժողովրդարության տարրեր:

Հարգելի գործընկերներ,

Ժողովրդավարությունը կենսունակ չէ առանց ժողովրդավարության մշակույթի: Այն պահանջում է հասարակության շարունակական կրթում, որի հիմնական պատասխանատուն քաղաքական վերնախավն է: Հետեւողական աշխատանքներն այս ուղղությամբ այն ճանապարհն է, որը կկանխի եվրոպական արժեքային համակարգի չարաշահումը, երբ դրանով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները դառնում են միջոց ծայրահեղ գաղափարախոսության տարածման համար: Սա այն վտանգն է, որ մենք պետք է կանխենք միասին:

Այս տեսանկյունից անհանգստությամբ եմ արձանագրում, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռեւս առկա է անհանդուրժողականության ու ռասիզմի խրախուսումը: Ընդամենը վերջերս տեղի ունեցավ մի աննախադեպ դեպք, երբ էթնիկ ատելության հողի վրա դաժան սպանություն կատարած եւ  ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան Սաֆարովը փոխանցվեց Ադրբեջանին, ազատ արձակվեց եւ հերոսացվեց Ադրբեջանի ռեժիմի կողմից: Անգամ այն բանից հետո, երբ քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց այդ երեւույթը, Ադրբեջանում նոր թափ ստացավ նման հանցագործությունների արդարացման գործընթացը: Բավական է բացել Ադրբեջանի նախագահի  կայքը եւ դուք կտեսնեք երկրի բարձրագույն իշխանության տարբեր ներկայացուցիչների ելույթները` ի պաշտպանություն նման հանցագործությունների: Ռասիզմի, քսենոֆոբիայի դրսեւորումները կարող են վարակիչ լինել: Դա միայն Հայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրը չէ: Ռասիզմն այսօր, ցավոք, ունի պարարտ հիմք եւ դրա դեմ պայքարի արդյունավետ միջոց չգտնելը կվտանգի ամբողջ Եվրոպան:

Եվրոպան պետք է ի զորու լինի համարժեք եւ աներկբա կերպով արձագանքել մեզ նետած այս մարտահրավերին”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ