06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մոսի եղբայր դու ենիչերի չես … Պավլիկ Մանուկյանի նամակը՝ Մովսես Հակոբյանին եւ հայ ժողովրդին

Սիրելի իմ հայ ժողովուրդ, դեպքերի սրընթաց զարգացումը ի վնաս մեզ, որին ես հետևում եմ առայժմ բանտից, պարտադրում է ինձ նորից խոսել: Այս անգամ դիմում եմ հայությանը խնդրանքով, եթե կընդունեք հաջորդիվ կներկայացնեմ իմ կողմից առաջարկվելիք կարճ ուղեցույցը:
Սեպտեմբերի 21 -ի «անկախության» շոուին ականատես եղանք բոլորս:

Ամենաողբերգականը Եռաբլուր սրբավայրինն էր: Չծավալվելու համար ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ միայն Մովսես Հակոբյանի հարցազրույցին: Այդ նույն բառերի համար դեռ 2004թ-ին ես նրան շնորհել էի Կավե գլուխ գեներալ կոչումը: Ինչպես տեսաք ոչինչ չի փոխվել` «եթե քաղաքական վերնախավը որոշի, ապա ես…»: Մոտավորապես այս կարգի , ինչպես ասում են ոչ էգն երևաց, ոչ որձը:

Մոսի ում համար որ հերոսացել ես մեր ազատամարտում, նրանից արդեն մեկուսացվել ես, նունիսկ ավելին` նրա դեմ ես կռվում արդեն: Հանուն ինչ որ կեղտոտ նյութի սեփական ժողովրդիդ և բանակը կեղեքելու հաշվին դղյակներ կառուցեցիր, սարսափելի թանկ գներով վաճառեցիր բանակի վրա և հետո այն, իբր «նվեր»` խայծ, ստացար: Տասնյակ հազարավոր բանակի վառելիքը յուրացրեցիր /ինարկե դրանից շատ չնչին մասն էր քոնը, իսկ մնացածը` հիմնականը Ս.Ս-ին գնաց/ հարցն էլ իբրև փակված է` հարյուրավոր չարդարացված զոհերի արյունը խղճիդ վրա:

Միթե կարելի է այս չափ նսեմանալ: Հիշում ես 2006-ի աշնանը` մեր հաշտեցան օրը ես ինչ եմ ասել քեզ «Մոսի մի հատ կով ունեմ, 14 հատ էլ հավ, տալիս եմ քեզ, բայց էլ երբեք չասես, որ Արցախից գեթ մեկ թիզ հող ունենք տալու»: Եթե դու փորձես այս իրողությունը ժխտել, հիշիր, որ մեզանից զատ ևս երկու մարդ կային ականատես: Նրանցից մեկն էլ ուղղակի բերանդ փակեց, իսկ մյուսը իմ խոսքերից սարսափած սուրբ խաչի մորթվող ուլի պես հևիհև հետևում էր մեզ: Հիշում ես, որ ես ասացի, այս սենյակի մեջ ինչ անվանակոչեմ ձեզ, անվանելու եմ ամեն տեղ: Հետո կոնյակով կիսով չափ լի մեր գավաթները գրկախառնվեցին իրար զրնգալով, և ես ասացի պարոն գեներալ, մենք այսուհետ մի շարքում ենք:

Մոսի այդ շարքից միայն ես եմ մնացել շարքում: Հիշում ես քո լքտի պատասխանը ինձ 2013թ. աշնանը ինձ « Հունց կոզինք դի կինի», երբ բռնել էիր իմ ամենախոցելի տեղը, հիմա իմ այդ «խոցն» էլ է իմ հետ, իմ շարքում: Սիրելի իմ հայ ժողովուրդ նկատի ունեմ որդուս` Արամին, հայրենիքի հանդեպ իր սրբազան պարտքը կատարելու ընթաքում: Մոսի չթվարկեմ բազմաթիվ հանցանքներդ և մեղքերդ, ավելորդ էջեր չլցնեմ, դրա համար չէ որ ես այսօր գրիչ եմ վերցրել ձեռքս, ընդհակառակը ես գրիչ եմ վերցրել, որ քեզ գրեմ.

«Մոսի ես քեզ ներում եմ, միայն թե վերադարձիր սրբազան շարք, դեմքով շրջվիր դեպի հարազատ ժողովուրդդ և ծնկի եկ նրա առաջ` ներում հայցելով` «անառակ որդու վերադարձով» և նա քեզ կների, չէ որ նա մեր գթասիրտ և աստվածային ժողովուրդն է»: Մոսի եղբայր դու ենիչերի չես, դու էդ Ս.Ս-ի պես հարազատ հոտիդ վրա գայլ կանչող շուն չես, ընդհակառակը դու հոտապահ գամփռ ես: Ես դա տեսել եմ: Դու մեծ ավանդ ունես հայ ժողովրդին մատուցած: Իսկ միթե կա աշխարհում ավելի մեծ հարստություն, քան սեփական ժողովրդի հերոսը լինելը: Խնդրում եմ ուսիցդ դեն նետիր մրմուռի այդ ծանր ուսապարկը և շարք վերադարձիր:

Հայրենիքը օրհասական վիճակում է: Այն քո կարիքը ունի: Դրանով դու մի շառաչյուն ապտակ կհասցնես մեր ոխերիմ թրքաբորոտ թշնամուն` Ս.Ս-ին, որը քեզ այդ օրվան հասցրեց, իսկ ինձ` այս: Մոսի դու ինձ համար Մնացական Բիչախչյան չես, դու հայ ժողովրդի օրինավոր զավակն ես: Մոսի եղբայր այս տողերը գրելիս ես արդեն ոչ կով ունեմ, ոչ էլ հավ, հայրենիք մը ունիմ թշվառ: Սիրելի և պաշտելի իմ հայ ժողովուրդ, եթե չներենք այս շվարած մոլորյալին, նրան շուտով քարշ կտան զոհասեղան և տեղը կբերեն մի ռուսական` Ս.Ս-ի նման տխպած, եղնած, ոտքի փաթաթանի «պարտյանկա» ու կփաթաթեն վզներիս, ոչ թե նրա համար որ Մոսին հանցանքներ ունի գործած, այլ նրա համար, որ Մոսին հող հանձնող չի:

Մոսի եղբայր գնա Գեղարդավանք, մի զույգ մոմ վառիր մեր պապերի այդ հրաշք անձեռակերտ կոթող վանքի մեջ, մի զույգ էլ իմ փոխարեն վառիր, սպասիր որ մոմերը վառվեն մինչև վերջ, հետո իջիր ազատ գետի ափին հանիր ուսիցդ այդ մրմուռր ուսապարկը, քանդիր և թող որ Ազատը տանի, արցունքներդ խառնիր այդ ազատության գետին և ազատիր քեզ հոգիդ կրծող այդ կապանքներից, հետո կտեսնես թե ինչպես է գեղարդը կողիցդ դուրս գալիս: Խնդրում եմ կատարես խնդրանքս, իսկ եթե հրաժարվես այդ շնորհից, ապա խորհուրդ կտամ վերցրու Աշոտ Ներսիսյանի «Կարո Սասունի» գիրքը և կարդա Կարսի անկման տեսարանը: Քեզ համար ուզում եմ մեջբերում անել, իհարկե ոչ բառացի.

«Երբ Կարսից տասնյակ հազարավոր գաղթականներ տկլոր ու մերկ, անօգնական ու անոթի, թշվառ հայացքով հեռանում էին, այդ շարքին զուգահեռ գաղթում էր նաև գեներալ Պողոս Բեկ-Փիրումյանի նախիրը և ոչխարի հոտերը, որն իր քանակով մի քանի անգամ գերազանցում էր գաղթականներին: Հետո դեռ տարին չբոլորած այդ նուն Պողոսին ոտաբոբիկ ձյան հաստ շերտը ճեղքել տալով իր «եղբայր» բոլշևիկները տարան Բաքու: Այնտեղ ամիսներ շարունակ ստորացրեցին և պատվազրկեցին, հետո տարան Ռյազան և այնտեղ «թույլ տվեցին» մի փայտաշեն արտաքնոցի մեջ սեփական գոտիով կախվել»: 

Խորհուրդ կտամ քեզ գնալուցդ հետդ վերցրու Բալայան Վարդանի կաշվե գեներալական ընդարձակ գոտին, որպեսզի կախվելուց շատ նեղություն չքաշես:

Սիրելի իմ հայ ժողովուրդ, ակնկալում եմ քո համընդհանուր արձագանքը իմ այս խնդրանքին: Ձեր հավանությունը իմ այս խնդրանքիս ես կհամարեմ ներում շնորհել մոլորյալ զավակիդ` մեր մարտական ընկեր Մովսես Հակոբյանին: Կարող եք չներել և քարկոծել, այդ էլ ես կընդունեմ ինձ վրա, բայց ձեր ներումի քանակը պետք է գերազանցի հազարները, քանի որ միայն այդ դեպքում կարող ենք պարտադրել Մոսիին արտասվել և իր արցունքները խառնել Ազատի մեղրանուշ ալիքներին և ոչ միայն Մոսին, ես վստահ եմ շատերն են հաջորդելու նրան: Մեր բոլոր դժբախտությունները առաջացել են ներելին և աններելին իրարից չզանազանելու պատճառով: Իմ կարծիքով այսօր սա մեր հայրենիքի պահանջն է: Առատաձեռնությունը սրտեր է նվաճում: 

Սիրելի իմ որդեկորույս մայրեր,  հատուկ խոնարհումս Ձեր առաջ: Գուցե արարքս ձեզ համար անհասկանալի և անընդունելի թվա, բայց եթե ձեզանից յուրքանչյուրը կորցրել է մեկ արծիվ, ապա ես կորցրել եմ երամն արծիվների, եթե ձեզանից յուրաքանչյուրն կորցրել է մեկ ադամանդ, ապա ես կորցրել եմ լեռն ադամանդների, եթե ձեզանից յուրաքանչյուրդ կորցրել եք մեկ տան ճրագ, ապա ես ձեր և ձեր ճրագների սիրուց կորցրել եմ լույսն արեգակի:

Ինձ քաջ ծանոթ է ձեր վիշտն ու ցավը, չէ որ ես էլ ամեն ընկնող զինվորի հետ ընկել եմ, ամեն ողբացող ծնողի հետ սգացել` անգին կորստի համար: Բայց իմ համոզմամբ միայն այսպես կարող ենք կանխել մեր արծիվների կորուստը և հաղթել խավարը` հասնելով ճրագալույսին:
Ձեր խոնարհապաշտ ֆիդայի զինվոր, ձեր Սասնա Ծուռ Պավել Ռազմիկի Մանուկյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ