«Մեր ուժը մեր անհատականության ու արժանապատվության մեջ է»
«Երեկ ժամանակ չեղավ հավուր պատշաճի անդրադառնալու մի շատ կարևոր իրողության։ Հայաստանի կառավարությունը որոշեց արտահերթ կարգով պահուստային ֆոնդից Դատական դեպարտամենտին գումար հատկացնել ՝ դատարաններում զննության հավուր պատշաճի, քաղաքակիրթ ձևով իրականացնելու նպատակով ռենտգեն սկանավորող սարքեր ձեռք բերելու համար։
Այս հանգամանքը նշանակում է, որ ոչ միայն մեկ քրեական գործի շրջանակներում, այլև հետայսու բոլոր դեպքերում Հայաստանում մի փոքրիկ հանգամանք կիրականացվի այնպես ինչպես հարկ է։
Տեղի ունեցածը ապացուցեց նաև, որ ճիշտ էին իրենց իրավունքների համար պայքարող փաստաբանները և նրանք ընտրել էին ճիշտ մարտավարություն։ Ամենևին պետք չէր Դատական դեպարտամենտի հետ հայտարարություններ ստորագրել 2018թ. բյուջեով սկաներ սարքերի ձեռք բերման հայտերի մասին, պետք չէր փորձել իրավիճակ շտկել օրենքից դուրս խուզարկության գործընթաց ու դրա իրականացման կարգ սահմանելով, պետք չէր դեպարտամենտից ավելի «կաթոլիկ» ներկայանալով արդարացնել կարգադրիչների գործողությունները։
Ավելին՝ բացարձակ անհասկանալի էր նաև այդ հայտարարության համահեղինակ Փաստաբանների պալատի նախագահի դիրքորոշումը կապված 184 փաստաբանների կողմից հարցը հստակ ներկայացնելու ու բողոքի ակցիա կազմակերպելու վերաբերյալ։ Դեռ նախապատրաստվող ակցիան փորձ արվեց պիտակավորել իբրև ոչ էֆեկտիվ, ծայրահեղական քայլ, ակցիայից հետո ևս, արդեն նախագահի ենթակաների շուրթերով սկսվեց ակցիայի քարկոծումը։ Լավ, «Միասնություն» գոչելով, չէիք միանում ակցիային (կամ թույլ չէր տրվում միանալ), հասկացանք, այլ դիրքորոշում ունեիք` դա էլ հասկացանք, նստեիք դիտեիք պրոցեսը ձեր աշխատասենյակներից, ինչու էիք խանգարում ու պիտակավորում։ Ինչևէ կյանքը ցույց տվեց, որ փաստաբաններից առնվազն 184-ը իրավիճակը գնահատեցին ավելի սթափ, ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցը, ի ցույց դրեցին խնդիրն ու հասան պատկան մարմնի կողմից պրոբլեմի ընկալմանն ու լուծման համար միջոցի ձեռնարկմանը։
Ցանկացած հարցում կրավորական դիրքն ու վախվորած գործողությունները ոչինչ առաջ չեն տանի, անհնար է նման կերպ որևէ ոլորտում առաջընթաց արձանագրել…
Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն փաստաբաններին, ովքեր չլռեցին, հստակ ներկայացրեցին իրենց դիրքորոշումը, ցույց տվեցին իրենց արժանապատվությունն ու իրավունքը պաշտպանելու ուղղությամբ հստակ քայլերի պատրաստ լինելը, ու դրանով ակամա նպաստեցին բոլորի համար մեկ փոքրիկ դրական տեղաշարժի։
Մեր ուժը մեր անհատականության ու արժանապատվության մեջ է»։