10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ով ով, բայց գոնե Թուրքիան չպիտի խոսի օկուպացիայից. Շարմազանով

«Թուրքիայի ՊՆ-ի հայտարարությունները նորություն չեն, սրանով ևս մեկ անգամ Թուրքիան ապացուցում է, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան գործընթացում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Թուրքիայի Պաշտպանության նախարարի հայտարարությանը: Հիշեցնենք, որ  Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերը միասնական են և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ամեն կերպ աջակցել միմյանց։

«Միայն մեր հողերը պաշտպանելը բավարար չէ: Պետք է անպայման ազատագրել «օկուպացված» Ղարաբաղը: Դրանք ադրբեջանական հողեր են, և վաղ թե ուշ պետք է վերացվի Հայաստանի «օկուպացիան»: Սակայն դրա համար պիտի լինենք ավելի ուժեղ: Այդ պատճառով էլ այս հողերն ու մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ զինտեխնիկան պետք է ինքներս արտադրենք»,-հայտարարել է նա։

Շարմազանովը հիշեցրեց, որ Թուրքիան տնտեսական, ռազմաքաղաքական աջակցություն է ցույց տվել ու ցույց է տալիս Ադրբեջանին, նա այն երկիրն է, որը սատարել է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը ապրիլյան պատերազմի ժամանակ:

«Այս հայտարարությամբ նրանք ևս մեկ անգամ փաստեցին, որ Ադրբեջանն ոչ այլ ինչ է, քան երկրորդ թուրքական պետություն, որն առաջացել է քարտեզի վրա 1918 թվականի մայիսի 27-ին թուրք Նուրի փաշայի զինվորական ինտերվեցիայի արդյունքում: Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ, Ադրբեջանն է օկուպացրել Արցախի տարածքները, իսկ Թուրքիան բոլորի աչքի առաջ օրը ցերեկով օկուպացրեց ԵՄ անդամ երկրի՝ Կիպրոսի 38 տոկոսը, ով ով, բայց գոնե Թուրքիան չպիտի խոսի օկուպացիայից»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ